

Հայաստանը հաջողություն է գրանցել աստղագիտության բնագավառում` Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչվելով տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ինչը բարձրացնում է Հայաստանի հեղինակությունը ողջ աշխարհում։
Միջազգային աստղագիտական միության կողմից Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, ինչը մեր երկրի համար նոր հնարավորություններ է ստեղծում։ Ավելին՝ այն բացի գիտական ձեռքբերումից, նաև քաղաքական հաջողություն է համարում «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի նախաձեռնող և ղեկավար Արեգ Միքայելյանը:
Նման ճանաչման էր ձգտում նաև Ադրբեջանը և Հայաստանի հռչակումն իբրև տարածաշրջանային աստղագիտական կենտրոն հնարավորություն կստեղծի գիտաժողովներն ու աշխատանքային քննարկումները Հայաստանում կազմակերպելու համար: Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն լինելը Հայաստանին հնաարվորություն կտա մեր շուրջը համախմբել աշխարհի տարբեր երկրների։ «Ռուսաստան- Արևմուտք լարված հարաբերությունների ֆոնին նման հանդիպումները օգտակար են ընդհանուր հարցեր քննարկելու համար»,- ասում է Միքայելյանը։
Նա տեղեկացրեց, որ Թուրքիայից են անգամ գալիս Հայաստան, համագործակցության եզրեր փորձում գտնել, ինչը հպարտանալու առիթ է: Իբրև տարածաշրջանային աստղագիտական կենտրոն Հայաստանի կողմից առաջիկայում բժշկության, աստղագիտության և կենսաբանության համատեղ աշխատանքային կենտրոններ ստեղծելու հարց կբարձրացվի, ինչն անկասկած օգտակար ու արդյունավետ կլինի: Եթե բուժումն իրականացվի լուսնային փուլերին հետևելու միջոցով՝ արդյունքն անկասկած գոհացնող կլինի: «Լիալուսնի ժամանակ մարդիկ վատ են զգում»,- ասվածը բացատրում է «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի ղեկավարը։
Այս կապն իհարկե լավ ուսումնասիրված չէ Հայաստանում, սակայն արտերկրում կան կենտրոններ, ուր համագործակցում են աստղաբանները,բժիշկներն ու կենսաբանները: Հայաստանում, սակայն, բժիշկը չի էլ նայում լուսնի օրերին, կամ արեգակին իր բուժումն իրականացնելիս։




