

Սարդարապատի հուշահամալիրից կրկին մեկնարկեց առաջին զորակոչը: Արդեն չափահաս դարձած պատանիները պատրաստ են հայրենիքի պաշտպանությանը, որը նրանց մեջ սերմանվել է դեռ փոքր տարիքից: Զորակոչվելով Սարդարապատից զինակոչիկները նոր ուժ են ստանում և ոգեշնչվում սարդարապատյան հերոսներց՝ անառիկ պահելու հայրենի եզերքը: Սարդարապատում հայրենիքին զինվորագրվածներին իր օրհնությունը տվեց Արմավիրի թեմի առաջնորդը:
Հայրենասիրություն, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացում և կամք, սա այն բանաձևն է, որով դաստիարակվում են երեխաները տանը, դպրոցում, բուհում և այն դրսևորում այն ժամանակ, երբ լինում է դրա անհրաժեշտությունը: Սարդարապատը նույնպես յուրօրինակ հայրենասիրության դաս է և Սարդարապատի հուշահամալիրից արդեն իններոդ տարին կազմակերպվում է առաջին զորակոչը: Սարդարապատից են հարազատներն իրենց զավակներին ճանապարհում հայոց բանակ և հույսով սպասում նրանց վերադարձին: Ալաշկերտ գյուղից Վահան Բաղդասարյանը եղբոր 3-րդ որդուն Վասպուր Բաղդասարյանին էր ճանապարհում բանակ. «Վասպուրը եղբորս երրորդ որդին է, որ մեկնում է ծառայության, երկրորդ տղան այժմ ծառայում է Գորիսում, առաջինը արդեն վերադարձել է և հոր հետ մեկնել արտագնա աշխատանքի: Ցանկանում եմ խաղաղ ծառայություն և բարի վերադարձ»:
Զինակոչիկները անբացատրելի տպավորություններ ունեն ծառայության մեկնելիս, նրանք իրենց հետ տանում են աստծո օրհնությունն ու ներկաների բարեմաղթանքները, որոնց շուրթերից չեն պակասում աղոթքները:
Սարդարապատի հուշահամալիրում զինակոչիկներին օրհնության խոսք հղեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: «Մենք մեր աղոթքներում միշտ հիշելու ենք ձեզ, որպեսզի աստծո աջը ձեզ հովանի լինի և պաշտպանի չար ուժերից: Դուք միմյանց նկատմամբ հանդուրժող եղեք, ծառայեք խաղաղ պայմաններում և վերադարձեք ու զարգացրեք ու ամրապնդեք մեր հայրենիքը, մեր սուրբ եկեղեցին»,- ասաց սրբազան հայրը:
Զինակոչիկներին հիգիենայի պարագաներով փաթեթներ հանձնեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա ողջունեց հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված երիտասարդներին և նրանց ուղղեց իր բարեմաղթանքը. «Ցանկանում եմ, որ մեր երեխաներն այնպես ծառայեն, որ իրենց ծնողները մշտապես ստանան շնորհակալագրեր և բարի խոսքեր լսեն: Թող նրանք ծառայեն խաղաղ պայմաններում»:
Սարդարապատի հուշահամալիրում զինակոչիկներն Արմավիրի մարզպետի հետ շուրջպար բռնեցին և բարձր տրամադրությամբ մեկնեցին հայոց բանակ:




