

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտերկրում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների, տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը: Այս տարի նախատեսված է վերապատրաստում 6 ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, այոց պատմության և հայրենագիտության, լրացուցիչ կրթության կազմակերպման: Ծրագրի բացմանը ներկա է եղել և մասնակիցներին ողջունել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով բարձր է գնահատել հայ ուսուցչի դերը՝ հատկապես օտարության մեջ:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000 թվականից: Եվ անգամ կան ուսուցիչներ, ովքեր 2-րդ կամ 3-րդ անգամ են մասնակցում այս ծրագրին: Նրանցից մեկը Սիրիայից ժամանած Տիգրանուհի Մարգարյան-Կարապետյանն է:
Սփյուռքահայ ուսուցիչների 2015թ. վերապատրաստման ուսումնական ծրագրով նախատեսված են լսարանային և պրակտիկ պարապմունքներ, ինչպես նաև վարպետաց դասեր՝ բոլոր խմբերի ուսուցիչների համար: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է երկօրյա մանկավարժական գիտագործնական կոնֆերանս, որը այս տարվա վերապատրաստման ծրագրի նորությունն է:
Կոնֆերանսի նպատակն է փորձի առավել արդյունավետ փոխանակում կազմակերպել տարբեր երկրների հայ ուսուցիչների միջև, ներկայացնել մանկավարժության ոլորտի մեթոդական նորարարությունները: Ի վերջո, հայերեն սովորելը պետք է լինի հետաքրքիր և մոդայիկ, նկատեց ԿԳ նախարարը:
Նշենք, որ ուսուցիչների ընտրությունը կազմակերպվում է հայտատարության տեսքով: Բայց քանի որ կան համայնքներ, որտեղի ուսուցիչները Հայաստան հասնելու խնդիր ունեն, նրանց համար վերապատրաստումն իրականացվում է տեղում:




