

Մայիսի 17-ին ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց տեղական հանրաքվե: Համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը հաջողություն ունեցավ, Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի մի շարք փոքր համայնքներ կմիավորվեն ու մեկ միասնական համայնքյաին կենտրոն կունենան: Օրերս «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը լրագրողների այց էր կազմակերպել Սյունիքի մարզ, որը Հայ Օգնության միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն շրջանառու միգրացիային ու վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագիրը: Այն ֆինասավորում է Եվրամիությունը՝ տրամադրելով 826 հազար եվրո: «Ռադիոլուր»-ը փորձել է համայնքներում հասկանալ, որքանով են տեղական չինովնիկներն ու գյուղացիները կողմ համայնքների խոշորացմանը:
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս տարվա մայիսի 17-ին տեղական հանրաքվե անցկացվեց: Կառավարությունը ցանկանում էր տեղեկանալ, արդյո՞ք երեք ՝ Տավուշի. Լոռու և Սյունիքի մարզերի 22 համայնքների բնակիչները ցանկանում են, որպեսզի իրենց համայնքները խոշորանան, թե ոչ: Տեղական հանրաքվեն անցկացվեց Լոռու և Տավուշի մարզերի 7-ական ու Սյունիքի 8 համայնքներում: Հատկանշական է, որ նախկինում հմնականում դեմ արտահայտող համայնքներ ղեկավարները քվեարկության օրերին հիմնականում դրական էին գնահատում խոշորացման ծրագիրը՝ չթաքցնելով՝ նախաձեռնողներն իրենց մանրամասնորեն են ներկայացրել ծրագրի արդյունքները:
Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի միակ անհանգստությունն այն է, որ ճիշտ մարդիկ ճիշտ տեղերում աշխատեն ու ճիշտ լուծումներ գտնեն, միանալու և խոշորանալու են այն գյուղերը, որոնք ներառված են Տաթևի զարգացման ծագրում: Գերասիմայնը, ով նախկինում մեղմ ասած այնքան էլ դրական չէր արտահայտվում խոշորացման ծրագրին , շատ լավ ուսումնասիրելուց հետո փոխել է կարծիքը
«Դա վերջ ի վերջո թռիչք է, և յուրաքանչյուր թռիչք կարծում եմ, պետք է իր դրական կողմերն ունենա: Ցանկացած բնագավառում նորարարություն մտցնելը և մարդու տրամադրությունն է փոխում, և նոր սպասելիքներ են ձևավորվում այդ ընթացքում»:
Սյունիքի մարզի խոշորացվող մեկ այլ՝ Խոտ համայնքի գյուղապետ Մարտիրոս Գրիգորյանը վստահեցնում է՝ բնակչության 96 տոկոսը կողմ է համայնքների խոշորացմանը: Ակնկալիքները խոշորացումից մեծ են, կառավաությունն ու միջազգային կազմակերպությունները ներդրումային խոշոր ծրագրեր են խոստացել: 90-ականներից գյուղապետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան պատրաստ է թողնել գյուղապետարանն ու վերադառնալ նախկին աշխատանքին: Չնայած չի բացառում, որ գյուղի ներկայացուցիչ դառնա. «Ես պաշտոնի չեմ էլ ձգտում, եթե կառաջարկեն կաշխատեմ, ասենք, լինեմ գյուղի ներկայացուցիչ: Շատ հնարավոր է, որ իմ թեկնածությունն առաջարկեմ: Ես չեմ ծնվել, որ հավերժ գյուղապետ աշխատեմ: Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ: Նախկինում դպրոցում աշխատել եմ, այժմ էլ, եթե գյուղապետ չլինեմ, հաճույքով կգնամ դպրոցում կաշխատեմ»:
Համայնքի ղեկավարը հույս ունի, որ կենտրոնում ներկայացվող ավագանին կպաշտպանի իրենց շահեր ու կներկայացնի իրական խնդիրները: Գյուղապետ Գրիգորյանը խոստովանում է՝ համագյուղացիները նաև իրեն վստահելով են կողմ արտահայտվել համայնքների խոշորացման հանրաքվեին: Խոսելով ծրագրի դրական կողմերի մասին՝ նկատում է՝ խոշորացնելով ֆինանսական միջոցները կկենտրոնանան ու տարեկան գոնե մի խոշոր ծրագիր գյուղի համար կանեն: Մարտիրոս Գրիգորյանը վստահեցնում է՝ լցոնումներ չեն եղել, բնակիչներն էլ ակտիվորեն են մասնակցել հանրաքվեին:
Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք նաև խոշորացվող համայնքների բնակիչների կարծիքը, ինչ են ակնկալում սյունեցիները համայնքների խոշորացման ծրագրից, կողմ են , թե դեմ , լսենք պատասխանները
«Դե եսիմ էլի, ես էդ օրը ստեղ չեմ եղել: Իմ համար մեկ ա, ինչ ուզում են անեն: Շատ վատ կլինի: Սխալ է համայնքները խոշորացնելը»:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սյունիքի մարզում խոշորացմանը կողմ են արտահայտվել բոլոր ութ համայնքները: Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթև, Տանձատափ և Քաշունի համայնքներում Շինուհայր կենտրոնով (Տաթև անվանմամբ) միավորմանը կողմ է քվեարկել 2513 մարդ կամ մասնակիցների 94%-ը:




