

«Երիտասարդների արդար պահանջը պետք է լսել, կատարել, իսկ էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի մեղավորներին պատժել». սա այն մտավորականների ընդհանուր կարծիքն է, որոնք այսօր անդրադարձել են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների վերջին օրերի պայքարին ու էներգետիկ ոլորտում ստեղծված ճգնաժամին:
«Մեր վաղվա օրը կորած չէ, քանի դեռ ունենք այսպիսի երիտասարդություն»: Գրականագետ Դավիթ Գասպարյանն ասում է՝ հպարտ եմ, որ այսպիսի սերունդ ունենք:
Ըստ գրականգետի երիտասարդների արդար պահանջը պետք է լսել, կատարել, իսկ էներգետիկ ոլորտում ստեղծված իրավիճակի մեղավորներին պատժել: Տեսակետը կիսում է նաև երաժիշտ Վահան Արծրունին, ով ևս չի թաքցնում իր համակրանքը «Ոչ թալանին» նախաձեռնության երիտասարդ, բայց առողջ տրամաբանությամբ տղաների հանդեպ:
Վահան Արծրունին ողջունում է Ազատության հրապարակ տեղափոխվելու և պայքարը իրավական դաշտում շարունակելու «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների որոշումը: Իսկ գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը մտահոգված է, որ տղաների որոշումից հետո ոմանք փորձեցին սադրել, թեժացնել իրավիճակն ու արժեզրկել այն հաղթանակը, որին հասան երիտասարդներն իրենց արդար պայքարի արդյունքում:
«Անարդարությունը, թալանը, որի դեմ պայքարում են երիտասարդները երեկ չի ծնվել: 25 տարի այն մեզ ուղեկցում է: Իսկ ով ասաց, որ մի օր չէր պայթելու այս ամենը»,-ասում է հայտնի քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:




