
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն այսօր հայտարարություն է տարածել Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման ցույցը ցրելու ժամանակ լրագրողների նկատմամբ ուժ կիրառելու վերաբերյալ:
Նա հայտարարել է, որ լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի բոլոր դեպքերում: «Լրատվամիջոցներն իրավունք ունեն լուսաբանելու հրապարակային միջոցառումներ, և լրագրողները պետք է հնարավորություն ունենան անվտանգ լուսաբանել իրադարձությունները՝ չվախենալով հետապնդումներից և ահաբեկումներից»,- ԵԱՀԿ կայքում տարածած հաղորդագության մեջ նշել է պաշտոնյան:
Միյատովիչը մեկ առ մեկ թվարկելով լրատվամիջոցների անունները, որոնց աշխատակիցների նկատմամբ ուժ է կիրառվել, Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ իրականացնել դեպքերի քննություն և ձեռնարկել միջոցներ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից լրագրողների նկատմամբ զսպվածություն ապահովելու հարցում:




