

Այսօր վաղ առավոտյան` Ժամը 5:30-ին, նախապես հայտարարելուց ու նախազգուշացումից հետո ոստիկաններն սկսեցին Բաղրամյան փողոցում նստացույցին մասնակցող քաղաքացիներին ցրելու գործողությունը՝ Բաղրամյան պողոտայում նախապես կուտակած հատուկ միջոցների, մասնավորապես՝ ջրցան մեքենաների կիրառմամբ:
Բաղրամյան պողոտայից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին տեղահանելուց ու պողոտան ազատելուց հետո էլ ոստիկանները նրանց հետապնդել են մինչև Ազատության հրապարակ, որտեղ ևս շարունակել են նրանց բռնի ուժով նստեցնել ոստիկանության ավտոմեքենաներն ու տանել:
Ոստիկանության գործողությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, տեղափոխվել հիվանդանոց: Բերման են ենթարկվել նաև լրագրողներ:


















