Այսօր Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է:
Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում:
Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա:
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը:
Qahana.am կայքի հաղորդմամբ, Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: