

Եվրոպական Առաջին ամառային խաղերում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը:
57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գարիկ Բարսեղյանը իր առաջին մենամարտում 4:0 հաշվով հաղթեց բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Ցավոք, հաջորդ մենամարտում Բարսեղյանը պարտություն կրեց և լքեց պայքարը: 65 կգ քաշային, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը առաջին փուլում դժվարին հաղթանակ տարավ մակեդոնացի Դեյան Միտրովի նկատմամբ:
Երկրորդ փուլի մրցակիցը բուլղարացի Բորիսլավ Նովաչկովն էր: Առաջին 2 միավորը վաստակեց բուլղարացին: Դավիդը նետվեց գրոհի ու 3 գործողությամբ հաշիվը դարձրեց 6-3: Երկրորդ կեսում Նովաչկովն ակտիվացավ ու հաղթեց 8-6 հաշվով:
74 կգ քաշային կարգում ևս մեր Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը բուլղարացի էր` փորձառու Կիրիլ Տերզիևը: Սկիզբը լավ ստացվեց: Գրիգորն անընդհատ գրոհում էր: Սակայն ընդմիջումից հետո Տերզիևն ավելի թարմ տեսք ուներ և հաղթեց 11-8 հաշվով:
Այսպիսով, այսօր խաղարկվող մեդալների 4 հավքածուից հայ մարզիկները անմասն կմնան: Այնուհանդերձ նշենք, որ Բաքվում ընթացող եվրոպական խաղերում հայազգի մարզիկ արդեն իսկ չեմպիոն դարձել է: Խոսքը՝ մարմնամարզության Ռուսաստանի կանանց ընտրանու կազմում հանդես եկող ՝ 2014 թ Նանկինի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի բազմամարտի չեմպիոնուհի, 15-ամյա Սեդա Թութխալյանի մասին է, ով իր փայլուն ելույթով հիացրել էր բոլորին:




