

Շեյխերն ու Փիրերը եզդիների հոգևորականներն են, որոնք էլ անցկացնում են իրենց ազգային ծեսերը: Շեյխ Ջնդի Ջնդոյանն ապրում է Արմավիրի մարզի Արտաշար գյուղում, եզդիների թաղամասում: Այս թաղամասը կարելի է ասել գյուղից առաձնացված, եզդիների կոմպակտ համայնք է, որտեղ կա 30 տնտեսություն: Նրանք իրենց թաղամասի երեք փողոցն էլ անվանել են Ջահանգիր աղայի անունով, ունեն խանութ: «Մենք արդեն մեկ դար է հայերի հետ ապրում ենք կողք-կողքի և Հայաստանը միակ երկրն է, որ մեզ հնարավորություններ է տվել ապրելու և պահպանելու մեր ազգային սովորույթները»,- նշում է Ջնդի Ջնդոյանը:
Արտաշարի բնակչության 40 տոկոսը եզդի է: Արտաշարից վերջին տարիներին արատագաղթում են նաև եզդիները, հատկապես՝ երիտասարդները: Արտաշարի գյուղապետարանի գլխավոր մասնագետ Ջուլիետա Սարգսյանը տեղեկացրեց, որ եզդիների շրջանում նվազել են նաև ծնունդները: Այս տարվա հունիսի մեկի դրությամբ գյուղի 20 ծնունդից 12-ըն էր եզդի : Բնակչության աճի դեպքում նրանց ապահովում են տնամերձ հողամասով: Եզդիները շատ ծանրաբեռնված են աշխատում: Երիտասարդներն այժմ փոխում են իրենց ապրելակերպը և գնում են Եվրոպա կամ Ռուսաստան:
Եզդիների առանձնացված թաղամասում շփումը բացառապես ազգային լեզվով է, հաճախ դպրոցահասակ տարիքի երեխաներն առաջին դասարանում դժվարություններ են ունենում: Արտաշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Սրապիոնյանը նշեց, որ նրանց պասիվ բառապաշարն ակտիվանում է հայկական միջավայրում:
Եզդիների մեծ մասն իրենց կրոնի հետևորդներն են: Հոգևոր ծեսերն հիմնականում իրականացնում են շեյխերը, որոնք բնակարաններում ունեն սուրբ: Այն պահպանվում է դարսված անկողինների վրա: Շեյխի տուն մտնելիս պետք է անպայման կոշիկները հանել: Աղոթելիս նա խոնարհվեց սրբին, գլուխը հպելով անկողնու ծալքերին:
Եզդիների շեյխի ընտանիքի անդամները նույնպես դառնում են: Ծիսական երկու տոն ունեն, դեկտեմբերի 13-ից հետո եկող ուրբաթ օրը նշվում է Էզիդի՝ զատկի տոնը և փետրվարի 13-ից հետո, ուրբաթ օրը՝ Խըդր Նաբիի տոնը, որը նույնականացվում է մեր սուրբ Սարգսի տոնի հետ:
Ջնդի Ջնդոյանը նշում է, որ եզդիների մեջ կան նաև քրիստոնեական կրոնական կազմակերպության հետևորդներ: Իր խոսքերով նրանք աղանդավորներ են, որոնց դեմ պայքարելը դժվար է:
Եզդիները հարգում են մեր կրոնը, մտնում են եկեղեցի, մոմ վառում, բայց չեն խաչակնքում: Շեյխի տան պատին ծնողների մեծ լուսանկարներն են՝ ազգային տարազներով: Ջնդի Ջնդոյանը մյուսների նման մեծ ցավով նշեց Սինջարի եզդիների ցեղասպանության մասին: Իրենց համայնքը նույնպես մասնակցել է օգնության դրամահավաքին: Լալեշը եզդիների հոգևոր կենտրոնն է: Օմար Մամոյանը հուսահատված ասեց, որ Իրաքի կենտրոնով իրենք սփոփվում էին և հույսեր կապում, հիմա՝ դա էլ չունեն:
Հայաստանում եզդիներն ավելի ապահով են և պահպանում են իրենց կրոնն ու մշակույթը: Հայերի հետ եղբայրությունն ու բարեկամությունն իր դրսևորման ձևերն ունի: Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանը հաճախ է դառնում եզդիների հարսանիքի քավոր և հպարտությամբ է կրում այդ պատիվը. «Եզդիները աշխատասեր, լավ ժողովուրդ են, մենք էլ իրենց հնարավորություններ ենք տալիս»:
Եզդիների ընտանիքում հարսը սկեսրայրի հետ չի խոսում, հարսնություն է անում: Ամուսնության տարիքային շեմը մեծացել է, 18 տարեկանից են ամուսնանում, բացառությամբ որոշակի դեպքերի, բարձրագույն կրթություն են ստանում և աշխատանքի տեղավորվում:




