

Սկսվել է զբոսաշրջության սեզոնը և սուր վարակիչ հիվանդություններն էլ արդեն սկսել են գլուխ բարձրացնել: Հայաստանում այս տարվա մայիս –հունիս ամիսներին արձանագրվել է կարմրուկի՝ լաբորատոր հետազոտությամբ հաստատված 7 դեպք, որոնցից 5-ը 2-ից 7 տարեկան երեխաներ են , իսկ 2-ը՝ մեծահասակ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորմանը:
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գաղտնի շրջանն էլ տևում է մինչև 21 օր: Հիվանդությունը սկսվում է տենդով, հազով, աչքերի երջաթաղանթի և քթի լորձաթաղանքի բորբոքմամբ, կոկորդի ցավով, հետո սկսկվում է ցանը: Առաջին օրը ցանավորվում է ականջախեցու հետին հատվածը, դեմքը, պարանոցը, կրծքավանդակի վերին հատվածը այնուհետև իրանի մյուս մասերն ու վերջույթները: Հայաստանում կարմրուկի վերջին բռնկումը գրանցվել է 2004-2006 թվականներին՝ մոտ 4201 դեպք: Իսկ նախորդ տարի գրանցվել է Վրաստանից բերված 10-13 դեպք:
Համաճարակաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կապված են հատկապես զբոսաշրջության հետ , որն էլ սկսվում է մայիսիսց-օգոստոս ամիսներին: Իսկ այս տարի հանրապետությունում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հետազոտությամբ հաստատված 7 դեպք: Համաճարակաբանական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վարակը տարածվել է Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հիվանդ անձանց միջոցով: Արձանագրված 5 հիվանդները 2-7 տարեկան երեխաներ են, իսկ 2-ը՝ մեծահասակ: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի տվյալների համաձայն՝ տարվա սկզբում հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստացել 4 հիվանդ:
«Մենք այս պահին ստացիոնար բուժման մեջ գտնվող մեկ կարմրուկով մեծահասակ հիվանդ ունենք: Վիճակն արդեն մոտենաում է բավարարին: Հիվանդանողց ընդունվելուց բավական ծանր էր վիճակը, իսկ այժմ վիճակը գնահատվում է լավ»:
Հայաստանում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ պատվաստում՝ 1 և 6 տարեկան հասակում: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով՝ 7 հիվանդներից 5-ը կարմրուկի դեմ ընդհանրապես չեն պատվաստվել, իսկ 2-ը՝ թերի են կատարել պատվաստումը: Արտավազդ Վանյանը ևս մեկ անգամ հիշեցնում ՝ պատվաստանյութը կարմրուկը կանխարգելելու միակ անվտանգ և արդյունավետ միջոցն է:
«Աշխուժանում է զբոսաշրջությունը, բավականին հոսքեր են լինելու հանրապետություն: Հատկապես այն հանգամանքը, որ կարմրուկը աշխարհի մի շարք երկրներում արձանագրվում է բռնկման տեսքով, հնարավոր է այս հիվանդության ներբերումը: Փորձում ենք մեր ազգաբնակչությանը ևս մեկ անգամ իրազեկել, որ անպայման այն երեխաները, որոնք չեն պատվաստվել, կամ էլ թերի են պատվաստվել, դիմեն իրենց սպսարկող պոլիկլինիկա և պատվաստեն երեխաներին»:
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի խոսքով՝ իր բազմամյա գործունեության ընթացքում դեռևս չի հանդիպել Կարմրուկի և ջրծաղկի կրկնվող դեպքերի: Եվ նշում է, որ կարմրուկ հիվանդությունը ծանր են տանում հատկապես երեխաները: Սա այն հիվանդությունն է, որի բարդություններից է թոքաբորբը, ուղեղի այտուցն ու էնցեֆալիտը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն անդրդարձան նաև Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորմանը, որի պատճառ էր եղել թութը: Սակայն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով ՝ թութը եղել է փոխանցման միջոց: Լաբորատոր հետազոտությունները հայտնաբերել են սալմոնելա մանրէն, որն էլ հաստատում է թթի միջոցով աղիքային վարակի տարածումը:
Ըստ Արտավազդ Վանյանի՝ բոլոր հիվանդներն արդեն ապաքինվել են: Իրավիճակը վերահսկվում է: Աշխատանքներ են տարվում՝ վարակը երեխաների շրջանում չտարածվելու ուղղությամբ, կատարվում են աղտահարման աշխատանքներ:




