

Վերջին օրերի գազալցակայաններում տեղի ունեցած դեպքերը դեռևս մնում են բոլորի ուշադրության կիզակետում: Նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կառավարության նիստում հայտարարեց, որ պետք է գազալցակայաններում անցկացվեն ստուգումներ, խախտումները բացահայտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ տուգանվելուց հետո էլ գազալցակայաններում շարունակվում է նույն քաղաքականությունը, քանի որ չկա վերահսկողություն:
Հայաստանում արդեն 20 տարի է, ինչ գործում են գազալցակայաններ և ավտոտրանսպորտային միջոցների մոտ 90 տոկոսը բնական գազ է օգտագործում: Մայիս ամսին Հայաստանի տարբեր գազալցակայաններում գրանցվեցին պայթյունի դեպքեր: Թեև ոլորտը վերահսկող կառույցները դրանց մեջ նաև վարորդների մեղավորությունն են տեսնում, սակայն «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է, որ մեղքը բարդել քաղաքացու վրա, նշանակում է խուսափել պատասխանատվությունից:
Ըստ նրա՝ քաղաքացին կարող է շատ բան չիմանալ, սակայն պատկան կառույցները պետք է իրազեկ լինեն և մշտընթաց վերահսկեն դաշտը, ասում է: Այստեղ, նրա խոսքով, խնդիր է նաև, որ քաղաքկանությունը մշակում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն գործողություններն իրականացնողը Էկոնոմիկայի և բնական պաշարների նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունն է: Այստեղ կարծիք է առաջանում, որ մեկ ձեռքը տեղյակ չէ մյուսի գործողություններից: Բաշխիչ աշտարակների տեղադրումը ենթադրում էր, որ լուծելու է որոշակի խնդիր, սակայն որոշակի ժամանակով, քանի որ գազալցակայաններում բացակայում է վերահսկողությունը: Որոշ խախտումներ արձանագրվում են, տուգանքները սահմանվում են, սակայն դրանից հետո շարունակվում է նույն քաղաքականությունը: Ըստ Պիպոյանի՝ սա սպասելի դեպք էր:
«Նման մի շարք ոլորտներ կան, որտեղ անվտանգության կանոնները չեն պահպանվում, և մենք նստած ենք ռումբի վրա, բարեբախտաբար, այդ ռումբը չի պայթում, բայց դա չի նշանակում, որ մենք վտանքի տակ չենք»:
Գազալցակայաններում պայթյուններից զերծ մնալու համար, առաջին հերթին պետք է գազաբալոնը լինի փորձաքննություն անցած և այն տեղադրվի գազաբալոնների տեղադրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Իսկ գազալցակայանն էլ իր հերթին պետք է վերահսկի վերոնշյալ գործողությունների փաստաթղթերը:
«Քաղաքացին ոչ իրազեկ կգնա գազալցակայան, աշխատողը կասի կներեք ես ձեր բալոնը չեմ լիցքավորում, ինչու՞, որովհետև կա ընթացակարգ, դուք պետք է անցնեք ստուգաչափում»:
Ավտոտնակներում ինքնագործունեությամբ զբաղվող գազաբալոն տեղադրողների հանդեպ հատուկ վերահսկողություն պետք է սահմանեն պատկան կառույցները, նկատում է Պիպոյանը և ավելացնում, իսկ գազալցակայանի աշխատողը ուշադիր լինի փաստաթղթի օրինականության նկատմամբ: Գազալցակայանների միջև մրցակցությունն ապահովելու նպատակով էլ շատ տեղերում աշխատողները լցավորում են գազաբալոնի համար սահմանված չափից շատ: Վարորդներն էլ առանց գիտակցելու նախապատվությունը տալիս են շատ լցավորելուն: Սակայն այս պարագայում հարցի լրջությունն առավել պատկերավոր դարձնելու համար նշում է մեկ օրինակ:
«Իրազեկ և պատպանված սպառող» ՀԿ նախագահն առաջաարկում է ձևավորել մեկ ընդհանուր հանձնաժողով, որտեղ պետք է ընդգրկվեն երկու նախախարությունների ներկայացուցիչներ ու սպառողների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններ, ովքեր էլ ԶԼՄ-ների ներկայությամբ պետք է ստուգեն բոլոր գազալցակայանները:




