Հասարակություն

Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից: Տոնը 301 թ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրն է, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի:

Հայոց հեթանոս Տրդատ արքայի հրամանով Հռիփսիմյան և Գայանյան կույսերը նահատակվում են: Այդ դեպքից հետո արքան ու արքունի պալատականները ծանր հիվանդանում են: Տրդատի քույրը երազ է տեսնում, որ արքայի հիվանդությունը կարող է բուժել միայն նույն Տրդատի կողմից Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Եւ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Սուրբ Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Հայոց հողում կործանվում են հեթանոսական տաճարները, որոնց տեղերում բարձրացվում են Տերունական խաչեր, իսկ հետագայում կառուցվում են Աստծո փառքին արժանի հոյակերտ սրբավայրեր: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից Հայ եկեղեցու մեծ տոներից է, որ հիշատակվում է Հռիփսիմյան և Գայանյան տոներին հաջորդող շաբաթ օրը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

 

Կարդացեք նաև

Back to top button