

Չնայած բազմաթիվ օտարածին երևույթներին, հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել և առնվազն վերջին երեք հազար տարիների ընթացքում հայերը չեն միախառնվել և պահպանել են իրենց մարդաբանական տեսակը: Սույնը պարզել են Կոպենհագենի համալսարանում կատարված կենսաչափական ու ժառանգաբանական հետազոտություների արդյունքները, որոնք այսօր ներկայացրել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:
Կոպենհագենի համալսարանում ուսումնասիրվել են 101 հնագույն գենետիկական նմուշներ Եվրասիայի տարբեր շրջաններից: Ուսումնասիրության մեջ առաջին անգամ տեղ են գտել Հայաստանի բրոնզե և երկաթի դարերի տարբեր հնավայրերում պեղված մարդկանց գենետիկ տվյալները: Ուսումնասիրության նպատակը բրոնզի դարում Եվրասիայի բնակչության գենետիկական նկարագրի վերհանումն էր: Ի՞նչ է պարզվել մասնագետների քանակի, տարածքի և նյութերի ընդգրկման տեսակետից նախադեպը չունեցող գիտահետազոտական ծրագրի իրականացման արդյունքում»:
Ներկայացնում է հետազոտական աշխատանքների անմիջական մասնակից, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը.
«ՀՀ -ի ներկա տարածքում հայտանաբերված բրոնզեդարյան նյութերն ունեն նույն գենետիկական պատկերը, ինչ ունենք այսօր: Այսինքն՝ հազարամյակներ շարունակ այս տարածքի վրա ապրել ու այսօր էլ շարունակում է ապրել մարդաբանական նույն տեսակը»:
Ի դեպ, տարածաշրջանի երկրներից այս հետազոտությանը մասնակցել է միայն Հայաստանը: Ինչու, ըստ Եպիսկոպոսյանի, որովհետև չունենք խնդիր և բարդույթ: Համագործակցության առաջարկը մեր արևելյան հարևանը մերժել է ՝ պատճառաբանությամբ, թե Ադրբեջանում այսօր իրականացվում է էթնիկական կոնսոլիդացման քաղաքականություն և նման հետազոտություններով չեն ցանկանում խտրականություն մտցնել կամ անջրպետ առաջացնել էթնիկ խմբերի միջև:




