

Վաղը շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է: Հայաստանում օրվան ընդառաջ հասարակական կազմակերպությունները կրկին բարձրաձայնում են բնապահպանական խնդիրները, որոնց մասին թերևս միշտ է խոսվում, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել: «Սիվիլ Վոյս» հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սեպտեմբերին գործադիր և օրենսդիր մարմիններին են ներկայացնելու օրենսդրական նախագծեր և ակնկալում են տեսանելի արդյունքներ բնապահպանական դաշտում: Բնապահպաններն այսօր անդրադարձել են նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող պոչամբարի պայթունավտանգ վիճակին և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին:
Թեեւ բնապահպանության նախարարությւնը տարբեր քննարկումներ է կազմակերպում նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, սակայն դրանք արդյունք չեն տալիս, այսօր փաստում է «Սիվիլ Վոյս» հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյանը՝ նշելով, որ սեպտեմբերին օրենսդրական նախագծեր են ներկայացնելու հանրապետության գործադիր և օրենսդիր մարմիններին և վստահ են, որ դրանք ընդունվելու դեպքում մոտ ապագայում կարձանագրվեն տեսանելի արդյունք, որն էլ բեկում կմտցնի բնապահպանական դաշտում:
Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրվան ընդառաջ՝ հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ բարձրաձայնում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին պատկանող պոչամբարի հարցը։ Ըստ «Սիվիլ Վոյս»- ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատուի, պոչամբարը աղետալի վիճակում է և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ ապագայում չենք խուսափի իրական աղետից:
Տեղեկացնենք, որ «Նահատակի ձոր» պոչամբարը շահագործվում է արդեն 50 տարի, իսկ շահագործման նոր թույլտվությունը տրվել է 2010 թ-ից 15 տարի ժամանակով: Բաբկեն Հարությունյաննը նշում է, որ պոչամբարն արդեն հագեցած է և այնքան է լցվել, որ հասել է մինչև խմելու ջրի խողովակներին: Պոչամբարի աղետալի վիճակի մասին հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր բողոքի ակցիա և նամակ ներկայացրել նախարարությանը: Գերատեսչությունը պատասխանել է՝ օդի աղտոտվածության համար կոմբինատը տուգանվել է: «Սիվիլ Վոյս»- ի ներկայացուցիչները գոհ են, որ նույնիսկ նախարարությունն է նկատել սխալները, սակայն կարծում են, որ կոմբինատի ստացած եկամուտն ու տված վնասները չեն համապատասխանում տուգանքի չափին՝ մոտ 19 միլիոն դրամին: Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը վստահ է, որ կոմբինատը շահագործողները ճնշում են գործադրում պետական մարմինների վրա:
Սակայն տուգանվելուց հետո էլ պոչամբարի խնդիրը մնում է, ասում է Բաբկեն Հարությունյանը: Պոչամբարների ոչ ճիշտ շահագործումը, կլիմայի և լանդշաֆտների փոփոխությունները, ծառների ոչ ճիշտ հատումները նաև վտանգ են ներկայացնում կենսաբազմազանությաը: Բնապահպան Սիլվա Ադամյանն օրինակ է բերում Արմաշ գյուղի լճերը, որտեղ տերերը հրաժարվում են զբաղվել ձկնաբուծությամբ:
Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգողը նաև անդրադարձավ շրջակա միջավայրի պահպանությանը բյուջեով նախատեսված գումարներին, որոնք բնապահպանների համար անհասկանալիորեն է ծախսվում:
Սիլվա Ադամյանը մարզերից անցում կատարեց նաև մայրաքաղաքի կենսաբազմազանությանը, երբ ամեն քայլափոխի հանդիպում ես թափառող շների, առնետների, կատուների ու կաչաղակների: Սրա պատճառն էլ, ըստ բնապահպանի, աղբահանությունը ժամանակին չիրականացնելն ու ծառերի ոչ ճիշտ հատումներն են:




