
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունեցել Երեւանում։
«Երևանը` փոքրիկների համար» խորագրով անցկացվող միջոցառումների շրջանակում «Հաղթանակ» զբոսայգու մանկական զվարճախաղերը մինչև 13:00-ը գործել են անվճար: Սա Երևանի քաղաքապետարանի և զբոսայգու տարածքում գործող «Ուրախ ժամանց ընկերության » համատեղ նախաձեռնությունն է, որն արդեն ավանդական է դարձել:
Օրվա առաջին շնորհավորանքներն ու նվերները երևանցի ամենափոքրիկներն են ստացել, մասնավորապես, Երևանի «Սուրբ Աստվածածին» և «Գրիգոր Նարեկացի» ծննդատներում լույս աշխարհ եկած նորածինները։
Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները։
Վաղ առավոտից մարդաշատ է եղել նաև մայրաքաղաքի Մանկական երկաթուղու և հարակից զբոսայգու տարածքը։
Հյուսիսային պողոտայում Երևանի արվեստի դպրոցների սաները նկարում էին ազատ թեմաներով. զբոսնող երեխաները մոտենում էին նկարակալներին, հետաքրքրությամբ դիտում, իսկ համարձակները՝ նաև նկարում։
Ազատության հրապարակը մանուկների համար վերածվել էր կավճանկարչության հարթակի։ Բոլոր մանուկների համար ապահովվել էին անսահմանափակ քանակությամբ գունավոր կավիճներ։
Երեխաների համար այսօր բաց էր նաեւ Ազգային ժողովի այգին։ Այստեղ տեղի ունեցավ ուրախ միջոցառում՝ անակնկալներով։
























