ԿարևորՔաղաքական

Ըստ փոխարտգործնախարար Ս. Մանասյանի՝ ԵՏՄ- ին Ադրբեջանի մասնակցության մասին խոսք չկա

lenabadeyan

ԱԺ-ում օրվա երկրորդ կեսին քննարկվում էին արտաքին քաղաքականության խնդիրները, թեեւ քննարկումը պետք է ընթանար միայն 2014-ի բյուջետային հատկացումների շուրջ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Մերձավոր Արեւելք կատարած այցի, Սիրիայից հայ համայնքի տարհանման խնդրի, Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության», ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին հարցերին պատասխանել է փոխարտգործնախարար Սերգեյ Մանասյանը:

Այսօր ավարտվում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Մերձավոր Արեւելք այցը: Նախարարը Սիրիա չի մեկնել միայն քննարկելու հայ համայնքի տարհանման հարցը, քննարկման թեման համայնքի անվտանգության երաշխիքներն են, այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց փոխարտգործնախարար Սերգեյ Մանասյանը՝ զերծ մնալով լրացուցիչ տեղեկություններ փոխանցելուց:

Ի դեպ՝ ԱԳՆ  տվյալներով Սիրիայում դեռ մնացել են  15- 20 հազար հայեր:

Արտաքին ոլորտում հայերին հուզող մյուս խնդիրը՝ հարեւան պետության՝ Ադրբեջանի հետ «քարոզչական պատերազմում» ունեցած խնդիրներն են: Տարբեր միջազգային պատվիրակությունների անդամ հանդիսացող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տարեցտարի նկատում է, թե ինչպես է այդ կառույցներում հաջողության հասնում Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտությունը:

Այս հարցում արտգործնախարարությունը պայքարի տարբերակներ եւ հստակ ռազմավարություն չունի եւ չի էլ կարող ունենալ, անկեղծացավ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասյանը: «Մենք բարձրացնում ենք այդ հարցը յուրաքանչյուր պետությունում, յուրաքանչյուր ամիոնից՝ ասելով, թե ինչ մեթոդնեի են մեր հարեւանները դիմում։ Այլ հակազդելու միջոցներ չկան այս աշխարհում։ Խոսքը կաշառակերության մասին է»,- ասաց ԱԳ փոխնախարարը։

Գումարային առումով փոխարտգործնախարարը խորհուրդ տվեց չհամեմատել Հայաստանում եւ Ադրբեջանում արտաքին քաղաքականությանը հատկացվող գումարները, «թե չէ կպարտվենք»։ Ու չնայած այս ամենին՝ Սերգեյ Մանասյանը համոզված է՝ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն ու հատկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության շահարկումը որեւէ հեռանկար չունի: «Ներկայում ընդլայնման պլաններ չկան։ Ըստ իս՝ Ադրբեջանի մասնակցության մասին խոսք չկա»,- ասաց փոխարտգործնախարարը։

Ինչ վերաբերում է բյուջետային ծախսերին, ապա արտգործնախարարության ամենածախսատար բաժինը դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանումն է: 2014-ին ոչ մի դեսպանության շենք չի գնվել, հատկացվել է 35 միլիոն դրամ՝ Բրյուսելում վարկով ձեւակերպված շենքի համար վճարումը կատարելու նպատակով: Միջազգային կառույցներին Հայաստանի ունեցած պարտքը վտանգավոր չափերի չէ, ուստի Հայաստանը զրկված չէ որեւէ կառույցում ձայնի իրավունքից: «Կա այն, ինչ որ կա»,- ասաց փոխարտգործնախարարը՝ չբողոքելով բյուջետային հատկացումներից:

Back to top button