

Արդեն երկրորդ անգամ Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամն իր հոբելյանները նշում է Հայաստանում: 2010 թվականին 75-ամյակը, իսկ երեկ ՀՀ սփյուռքի նախարարության և «Համազգային» հայ կրթական և մշակութային միության կազմակերպությամբ տոնեց իր հիմնադրման 80-րդ տարեդարձը: Հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու համար Հայաստան է ժամանել 60 հոգանոց պատվիրակություն: Ռադիո Կոմիտասի հոբելյանական տարում Հայաստանի Հանրային ռադիոն և Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը հռչակվեցին քույր ռադիոներ:
Ուրուգվահայ գաղութը կազմավորվել է 1920-ական թվականերին, երբ Մեծ եղեռնից մազապուրծ և Մերձավոր Արևելքի երկրներում ապաստանած ստվար խմբերը հաստատվել են Ուրուգվայում: Հենց այդ սերնդի մեծ փափագն էր ստեղծել հայալեզու ռադիոժամ, որի առաքելությունը պետք է լիներ մայրենի լեզուն պահպանելը, հային ներկայի ու անցյալի հետ կապելը, նրան դարձնել իր պատմության ու ժառանգության տերն ու ապագա սերունդներին փոխանցել հայկական ավանդույթները: 1935 թվականին ստեղծվեց սփյուռքի առաջին հայկական ռադիոկայանը` «Կոմիտաս» ռադիոժամը, որն էլ դարձավ հենց այդ առաքելություններն իրագործողը:
Այս տարի ռադիոժամը Հայաստանում տոնում է իր հիմնադրման 80-ամյակը: Այդ կապակցությամբ էլ Հայաստան են այցելել ռադիոժամի ուրուգվահայ ունկնդիրներ ու աշխատակիցներ: 80 տարիների ընթացքում Կոմիտաս ռադիոժամը եղել է նաև դարբնոց, որտեղ թրծվել են հաղորդավարներ ու լրագրողներ, որոնք այսօր, ըստ ռադիոժամի տնօրեն Կարո Հեքիմյանի, մեծ համբավ են վայելում Մոնտեվիդեոյում, իսկ ռադիոժամն այս տարիների ընթացքում ապահովել է իր ունկնդիրների հոծ բանակը:
«Շատ ունկնդիրներ ունինք թե Մոնտեվիդեոյում, թե դրսի գավառներում, որոնք կունկնդրեն, կզանգեն մեզ, կասեն ինչ գեղեցիկ երաժշտություն ունիք: Ձեր պատմություն տխուր է, բայց դուք առաջ գնացեք»:
Ուրուգվայն առաջին պետությունն էր, որ 1965 թվականին ճանաչեց հայոց ցեղասպանությունը և մյուս երկրների համար դարձավ փայլուն օրինակ` ճանաչելու և դատապարտելու Թուրքիայի կողմից կատարվածը: «Կոմիտաս» ռադիոժամը անընդմեջ իր եթերներում բարձրաձայնում է հայոց ցավի մասին և փորձում դրանով իսկ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնել հայ դատի հանգուցալուծման վրա: Եվ Ուրուգվայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ռադիոընկերությունը համարում է իր 80 տարիների մեծ ձեռքբերումը:
Հայաստանի հետ, հայության համար: Այս կարգախոսով է առաջնորդվել սփյուռքի հայկական առաջին ռադիոկայանը և հայապահպան առաքելությունները հարիր կատարելու համար էլ ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվեց «Կոմիտաս» մեդալով, որն էլ վերջինիս հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Մեր ռադիոժամի ղեկավարը մեր մայրենի դեսպանն է հեռավոր Ուրուգվայում»:
Հայաստան- Ուրուգվայ հեռավորությունը կրճատվել է «Կոմիտաս» ռադիոժամի շնորհիվ, կարևորելով ռադիոընկերության գործունեությունը նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանն էլ մատնանշեց երկու ռադիոների նմանություններն ու մեկ գաղափարի շուրջ համախմբվելը` պահպանել ոսկեղենիկ մայրենին, ազգային ավանդույթներն ու այն անաղարտ կերպով փոխանցել սերունդներին, ինչպես նաև կարևորեց սփյուռքում հայապահպան առաքելությունը: Հանրային ռադիոն հայապահպան գործունեություն սկսել է դեռևս 1947 թվականին, երբ ստեղծվեցին արտասահմանի համար տրվող հաղորդումները, իսկ Ուրուգվայում էլ նման գործառույթ է կատարում ռադիո «Կոմիտասը», նշեց Արմեն Ամիրյանն ու երկու ռադիոներին հռչակեց քույր ընկերություններ:
Ուրուգվայի համար ռադիոն արժեք է և կոմիտաս ռադիոժամի համագործակցությունը Հայաստանի Հանրային ռադիո հետ, մեծ ճանապարհ կհարթի սփյուռքի առաջին հայկական ռադիոկայանին հետագա գործունեության ընթացքում, նշեց Կարո Հեքիմյանը:




