Աղանդների դեմ պայքարի իրական մեխանիզմները մեր երկրում չեն կիրառվում.Ամարյան


Հայաստանոմ գործող աղանդավորական շարժումները նոր մտահոգություններ են հարուցում: «Ռադիոլուրն» օրերս մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացել անծանոթ մարդկանց կողմից իրենց մոտենալու, տան դռները թակելու ու աղանդավորական գրություններ տարածելու վերաբերյալ: Այս փաստն ինքնին մտահոգիչ է, իսկ այս մտահոգությանն ավելանում է նաեւ այն, որ գրություններ տարածողները նաեւ դեռահաս աղջիկներ են, մոլորյալներ, այսպես են նրանց անվանում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր նաեւ հայտարարել է` ընդդիմադիր որոշ ուժեր վերջին շրջանում հատուկ նպատակով են ակտիվացնում աղանդները` որպես ռեւանշ` իշխանությունների կողմից ճնշումների:
Օրերս Երեւանի փողոցներում անցորդներին մոտենում են տարբեր տարիքի, այդ թվում երիտասարդ անձինք ու բաժանում թերթիկներ՝ անհեթեթ հայտարարությամբ՝ հրավիրում ենք հրաշքների եւ բժշկության հավաքույթի: Ովքեր են սրանք ու իրականում ուր են հրավիրում: Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը միանգամից է տալիս սրա անունը, աղանդ է, ասում է, հիմքում էլ ամենեւին էլ կրոնական գաղափարներ ու նպատակներ չեն, բիզնես է պարզապես: Ասվածը հեշտությամբ կարելի է պարզել՝ համացանցում փնտրելով տեղեկություններ, թե ինչ է իրենից ընդհանրապես ներկայացնում այսպես ասեմ «հրավիրող» կողմը, որն իրեն կոչում է հոգեւոր կենտրոն «Վերածնունդ եկեղեցի»:
Միայն դրա հիմնումն արդեն զավեշտալի է: Հիմնադիրը ինչ-որ մի անգամ հայտարարել է՝ եկեղեցին հիմնեցինք ես ու կինս: Ինչ-որ մի օր կրոնական ուղղություն հիմնելու միտքը հղացած քաղաքացին փորձում է գոնե 200 հետեւորդ հավաքել ու գոյատեւել նրանցից տասանորդների հավաքագրմամբ: Տասանորդը նվիրաբերություն է եկեղեցուն, որին հարում են քաղաքացիները:
Աղանդներն այսօր Հայաստանում արդեն այնքան են զարգացել, որ լիովեին մտել են քաղաքական դաշտ ու ավելի ամուր դիրքերից են սպառնում: Ամարյանը բոլոր աղանդների հիմքում տեսնում է ցանցային մարկետինգ, դրանք բոլորն ընդգրկված են բիզնեսում: Հոգեորսության մեխանիզմն էլ հիմնականում շատ պարզ է` ներքաշում են իրենց թակարդը` իրենց ունեցած բիզնեսներում մարդկանց աշխատանքի վերցնելով: Աղանդագիտությունն այսօր Հայաստանում շատ թույլ է, համապատասխան պայքարը պատշաճ ձեւով չի տարվում: Կառավարությանն էլ ձեռնտու է այս «մութ» վիճակը, քանի որ մթությունը շատ խնդիրներ է ծածկում, ասում է Ալեքսանդր Ամարյանը: Հենց կառավարությունն է, որ լռում է շատ դեպքերում, երբ պետք է քայլեր ձեռնարկի: Պետք էր Հայաստանում փակել «Կյանքի խոսք» աղանդը հենց այն ժամանակ, երբ դրա հիմնադիր-ղեկավարը հրապարակավ հայտարարեց, որ ինքը մոլորված է եղել ու այսուհետ դավանում է կաթոլիկ եկեղեցուն: Դա չարվեց:
Կառավարությունը պետք է փակեր Հայ ավետարանական եկեղեցին, քանի որ այն բացեիբաց հայտարարվում է դրսից ֆինանսավորվելու մասին: Սա փակելու հիմք էր` օրենքով տրված հնարավորությամբ, բայց չարվեց: Ռուսաստանը երեկ օրենք ընդունեցփակել դրսից ֆինանսավորվող ու հակապետական, հակահասարակական գործունեություն ծավալող աղանդները: Մենք այդպիսի օրենք չունենք, բայց այն խիստ անհրաժեշտ է, շեշտում է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը:
Ալեքսանդր Ամարյանն այսօր հանդես եկավ ուշագրավ մի հայտարարությամբ` ապրիլքսանչորսյան դեպքերից հետո Հայաստանում ընդդիմադիր որոշ ուժեր կոնկրետ նպատակով փորձում են ակտիվացնել աղանդները: «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան Ամարյանը դեռ անուններ տալ չի շտապում խոստանում է դրանք ներկայացնել առաջիկայում` տեղեկացնելով հենց կառավարությանը:
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի տվյալներով` Հայաստանում այսօր կա 67 գրանցված կենտրոն, որոնցից 54-ն աղանդավորական են, նաեւ չգրանցված մոտ 250 աղանդ է փորձում ծավալվել: «Մենք ունենք 300 հազարից ավելի կրոնական կառույցի ներկայացուցիչներ՝ ոչ առաքելական եկեղեցու, դա բնակչության մոտ 10 % -ն է:
Ամբողջ աշխարհում եթե վերցնես աղանդավորական դերը ավանդական եկեղեցու համեմատությամբ՝ բնակչության 1 %-ն է, մեզ մոտ՝ 10 %-ը, այսինքն՝ դա նշանակում է, որ հայ ազգը միշտ եղել է հավատարիմ իր դավանանքին, իսկ վերջին 20 տարիների ընթացքում այդ հավատամքը շատ շուտ ջարդվել է: Մենք այսօր ունենք պայքարի իրական մեխանիզմներ, դրանք, սակայն այդպես էլ չեն կիրառվում: