Հասարակություն

«Ոչ թալանին». պահանջ` ոչ մի լումայով չթանկացնել հոսանքը

lianaeghiazaryan
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր իր կոչն է ուղղել երկրի իշխանություններին, մասնավորապես, կառավարության ղեկավարին` հանրապետությունում հոսանքի սակագինը չբարձրացնել ոչ մի դրամով` քայլեր ձեռնարկելով այդ թանկացումները կանխելու համար: Այսօր լրատվամիջոցների միջոցով նախաձեռնության ներկայացուցիչները փոխանցել են` իրենք դիմելու են պայքարի ամենատարբեր ձեւերի` բողոքի ակցիայից մինչեւ օրենքով սահմանված այլ միջոցներ: 

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 27-ին անցկացնելու է բողոքի ակցիա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Սա լինելու է խաղաղ երթ, որի ժամանակ իշխանություններին ցույց ենք տալու հասարակության ուժն ու կամքը, որ ժողովուրդը դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, այսօր հայտարարեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը: Քաղաքացիական նախաձեռնության պահանջը մեկն է ու հստակ` որ էլեկտրաէներգիան չթանկանա եւ ոչ մի դրամով: Հիշեցնենք` «Հայաստանի էլեկտրական ցանցերը» Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիան 17,8 դրամով թանկացնելու հայտ է ներկայացրել: «Մենք անիմաստ երկխոսությունների եւ քննարկումների չենք գնալու։

Մեր պահանջը հստակ է` ոչ մի կոպեկով չբարձրացնել սակագինը»,- հավելում է նախաձեռնության մյուս անդամներից Գեւորգ Սանոյանը:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Գեւորգ Սանոյանը հիշեցնում ու ընդգծում է` իրավագիտակից քաղաքացիներն են այս երկրի տերը եւ չեն պատրաստվում հպատակի կեցվածք ընդունել: Անցյալ տարվա չհիմնավորված թանկացումները հնարավոր եղավ անցկացնել, այս անգամ` ոչ: «Մենք ուզում ենք հիշեցնել, որ մենք չպետք է զբաղվենք խնդիրների լուծումներ փնտրելով», ասում է Գեւորգ Սանոյանն ու շարունակում`«մենք, լինելով հարկատուներ, այս երկրի տերը, պահանջում ենք այս իշխանություններից, որպեսզի նրանք սպասարկեն ազգաբնակչության եւ երկրի շահերը, այլ ոչ թե ինչոր խմբերի»:

Մայիսի 27-ին երթի միջոցով արդյունքի չհասնելու դեպքում նախաձեռնության անդամները դիմելու են այլ միջոցների՝ օրենքով սահմանված կարգով: Սանոյանի խոսքով` նախաձեռնությունն օգտվելու է Սահմանադրությամբ իրեն ընձեռված բոլոր հնարավորություններից: «Եթե այս պահի դրությամբ իշխանությունները որեւէ լուծում չունեն, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծում չունի, եւ որ դա հնարավոր չէ իրականացնել: Քաղաքացիները պահանջում են ճիշտ սպասարկել ժողովրդին»,-ասում է նախաձեռնության ներկայացուցիչը:  Հիշեցնեմ նաեւ` կառավարման փորձագետ Հարությունը Մեսրոբյանը, լրացնելով պահանջների ու մտահոգությունների շարքը, շեշտում է` հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների շղթայական թանկացումը ընդհուպ մինչեւ 20-25 տոկոսով, որը մի նոր ու ուժգին հարված կլինի ՀՀ ցանկացած քաղաքացու գրպանին։ Մասնագետը հաշվարկել է` արդյունավետ աշխատանքի դեպքում ոչ միայն հոսանքի թանկացման կարիք չի լինի, այլեւ անգամ ներկայիս սակագինը կարելի է 15 տոկոսով նվազեցնել:

Back to top button