Բանական անբարոյական մոտեցում. փորձագետը՝ հոսանքի թանկացման մասին
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետեւանքով հանրապետությունում գնաճը ոչ թե 4-5 տոկոս կլինի, ինչպես որոշ տնտեսագետներ են թյուրիմացաբար հայտարարում, այլ անվճարունակ խավի համար` եռակի ավելի, քանի որ հոսանքի սակագնով են պայմանավորված կոմունալ վճարումներն ու առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսօր լրագրողների հետ իր այս մտահոգությամբ է կիսվել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ասվածին իր մտահոգություններն է ավելացրել գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը: ՀԷՑ-ը, ասել է նա, պետական գնումներում լրջագույն չարաշահումներ է անում ու իր ուռճացված ծախսերը թողնում շարքային քաղաքացու ուսերին:
Բանական անբարոյական մոտեցում: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը շատ հակիրճ հենց այսպես է բնորոշում իշխանությունների` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քայլը: Հոսանքի թանկացումը և դրա հետևանքները պետական համակարգի անարդյունավետ կառավարման «փայլուն» դրսևորում են, ասում է փորձագետը: «Որ հոսանքի գնագոյացման ծախսերը ուռճացված են, ակնհայտ է»,-ասում է Մեսրոբյանը:
«Պետության մեջ առաջացել է դեպի բյուջե դրամական հոսքերի նվազում: Դրա ցուցանիշերից մեկը էներգակիրների սպառման նվազումն է: Իսկ սա նշանակում է, որ ավելի քիչ ապրանք է արտադրվելու, արտահանումը նվազելու է, Հայաստանն էլ ավելի մեծ կարիք կունենա արտարժույթի, ինչին էլ գումարվում է տրանսֆերտների նվազումը»,-թվարկում է Մեսրոբյանը ու «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան` հայտարարում` շղթայական գնաճն անխուսափելի է, ու խոսքն ամենեւին 5-6 տոկոս գնաճի մասին չէ, ինչպես, նրա ձեւակերպմամբ, շարունակ ստանդարտ ձեւով թյուրիմացաբար հայտարարում են: Միանգամից գնաճային ճնշում կլինի. վստահ է մասնագետը, անապահով խավի համար` մինչեւ 20 տոկոս:
Մեսրոբյանը հիշեցնում է, որ հանրապետությունում էլեկտրաէներգիայի 12 տոկոսից ավելի կորուստ կա, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում կորուստը 5-6 տոկոսի միջև է տատանվում: Իսկ ամեն մեկ տոկոսը, մասնագետի հավաստմամբ, 10,5 միլիոն դոլար արժե: «Մենք մի մեծ վտանգի առջև ենք կանգնած. Հայաստանն այլևս չի կարող թաքցնել պետական կառավարման սարսափելի անարդյունավետությունը»: Մեսրոբյանը համոզված է, որ նաեւ ՀԷՑ-ի ղեկավարների ոչ ճիշտ կառավարման եւ ուռճացված ծախսերի պատճառով է, որ սակագնի բարձրացման անհրաժեշտություն է առաջացել: «Հարյուր հազարավոր դոլարների սեղաններ են պատվիրում իրենց աշխատասենյակների համար, Էրմիտաժի մակարդակի վերանորոգում են սենյակները»:
Մինչդեռ մասնագետը հաշվարկել է` արդյունավետ աշխատանքի դեպքում ոչ միայն թանկացման կարիք չի լինի, այլեւ անգամ ներկայիս սակագինը կարելի է 15 տոկոսով նվազեցնել: Բայց սա այլ դեպք է: «Ինչ-որ մեկը հնարավորություն ունի առանց ոչ մի բանի եկամուտ ավելացնել, տվյալ դեպքում` սակագին բարձրացնելով»:
Գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանն էլ ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքները, որոնք նոր մտահոգություններ են հարուցում:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը կրկին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգիան 17,8 դրամով թանկացնելու հայտ է ներկայացրել, պարզվում է, միլիոնների ծառայություններ է գնում իր հետ փոխկապակցված ընկերությունից, եւ այդ բոլոր ծախսերը ներառում սակագնի մեջ, այն սակագնի, որը վճարում է քաղաքացին եւ որը այսօր բարձրացվում է: Փորձագետն, ուսումնասիրելով ՀԷՑ-ի` այլ ընկերությունների հետ կնքած պայմանագրերը, հայտնաբերել է, որ Հայէլցանցերին անցյալ տարի 198 միլիոն դրամի տրանսպորտային ծառայություն է մատուցել մի ընկերություն, որը ստեղծվել է այն տարեթվին, երբ Հայէլցանցերի սեփականատերը եկել է Հայաստան` 2006 թվականին:
Ի դեպ, այդ ընկերության գրանցված իրավաբանական հասցեն նույն է, ինչ` էլցանցերինը: Այսինքն, ըստ Արտակ Մանուկյանի, ակնհայտ է, որ դրանք փոխկապակցված ֆիրմաներ են: «Ավելին, ըստ «Սփյուռք» տեղեկատվական համակարգի` այս ֆիրման ավտոմեքենաների և տրանսպորտային ծառայությունների հետ ընդհանրապես կապ չունի, այն էլեկտրական ցանցերի եւ ենթակայանների կառուցմամբ, նորոգմամբ եւ սպասարկմամբ է զբաղվում: 2012-2013 թթ-ին այդ ընկերությունը չնչին հարկեր է վճարել, բայց իր ծառայությունների դիմաց հսկա գումարներ ստացել: Այնինչ այս հարցը դուրս է մնացել թե ՏՄՊՊՀ-ի, թե հարկային մարմինների ուշադրությունից:
«Եթե մենք չենք ուսումնասիրում օրինակ աշխատավարձի ֆոնդը, գնումների այս չարաշահումները, առաջին հայացքից սակագների բարձրացումը հիմնավոր է թվում: Եթե համապատասխան մարմիններն ուսումնասիրեն, հնարավոր է` ծախսային շատ ավելի ուռճացված բաղադրիչներ գտնենք»: