Վրաստանի խորհրդարանը վաղ, թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը. վրացագետ


Չնայած Հայաստանի ու Վրաստանի քաղաքական վեկտորների ընտրությանը, երկու երկրների միջև առաջիկայում էլ կշարունակվի բարիդրացիական հարաբերությունները: Կանխատեսումը վրացագետ Ալիկ Էլոյանցինն է, ում կարծիքով նաև վաղ, թե ուշ Վրաստանի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իսկ մինչ այժմ չճանաչելը, վրացագետը բացատրում է նրանով, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է:
Դարեր շարունակ հայ-վրացական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եղել, և դրանք հեռանկարում նույնպես պահպանվելու են,- կարծում է վրացագետ Ալիկ Էլոյանցը: Երկու երկրներին չխանգարեց անգամ քաղաքական տարբեր վեկտորների ընտրությունը: Հիշեցնենք, Հայաստանը ընտրեց ԵՏՄ-ին անդամակցել ուղին, իսկ Վրաստանը՝ նախընտրեց ԵՄ: Եվ քանի որ վրաց- ռուսական հարաբերությունների զարգացումը վերջին շրջանում դանդաղել է, ուստի և Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությունը կօգնի նաև վրացի գործարարներին, որպեսզի վերջիններս ավելի մատչելի պայմաններով մուտք գործեն ռուսական շուկա:
«Ասոցացման համաձայնգրի շրջանակներում գործելով վրացի արտադրողները որոշակի ֆինանսական աջակցություն կստանան»:
Հայ-վրացական բարիդրացիական հարաբերություններին չի խանգարում նաև այն, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նաև այն, որ Վրաստանը փորձում է ռազմական ոլորտում ամուր կապեր հաստատել վերոնշյալ պետությունների հետ. «Նոր իշխանությունները ադեկվատ են այս հարցին մոտենում, փորձում են չափը չանցնել»:
Վրացագետը հիշեցնում է, որ Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը Թուրքիան է, և բնական է, որ շրջանառելով Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայում, Վրաստանը մեծ հարված կհասցնի իր տնտեսությանը: Ալիկ Էլոյանցը վստահեցնում է, սակայն, որ Հայոց ցեղասպնությունն առաջիկայում կընդունի նաև Վրաստանի խորհրդարանը: