Հասարակություն

Հայտնի բժիշկ-ծաղրածուն Հայաստանում է

sonahakobyan
Հայաստանում է հայտնի բժիշկ և ծաղրածու Պետչ Ադամսը: Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով բժիշկ ծաղրածուն տարեկան շուրջ 10 երկիր է այցելում: Ծաղրածուների այս յուրահատուկ խումբը համապատասխան հագուստներով ներկայացումներ է կազմակերպում հիվանդանոցներում, մանկատներում, ծերանոցներում և ինտերնատներում: Պետչ Ադամսը համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում: «Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Բուժման այս յուրահատուկ թերապիայի մասին է այսօր լրագրողների հետ զրույցում խոսել ծիծաղի հոգեթերապիսայի հիմնադիրը:

 

 

Շատերը նրան մասին գիտեն դեռևս Ռոբին Ուիլյամսի հայտնի ֆիլմից, որտեղ օսկարակիր դերասանը մարմնավորել է բժիշկ-ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեսի հիմնադիր Պետչ Ադամսին: Մասնագիտությամբ բժիշկ Պետչ Ադամսը համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:

Իսկ նրա բարեգործական, նորարարական ծրագրերի, բժշկող ծաղրածուական ներկայացումների մասին գիտեն ողջ աշխարհում: 1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է  Բարի առողջության ինստիտուտ, որտեղի այցելուներին բժշկական անվճար օգնություն է ցուցաբերվում: Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով բժիշկ ծաղրածուն տարեկան շուրջ 10 երկիր է այցելում : Ծաղրածուների հերթական կանգառը Հայաստանն է:

Մեկ շաբաթյա այցի ընթացքում Պետչ Ադամսն իր օգնականների հետ կլինի Երևանի, Գյումրու, Վանաձորի և Դիլիջանի մանկատներում և մանկական հիվանդանոցներում: Հանդես կգան յուրօրինակ ծրագրով: Ծրագիր, որը հայտնի է ամբողջ աշխարհում և մեծ հաջողություն է վայելում: Փոքրիկները նրա ներկայացում –սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ թերապիաների ազդեցությունը:  Ադամսն ասում է, որ բժշկի կոչում իրեն մարդիկ են տվել, իսկ իրականում ինքը խաղաղության և արդարադատության ծառան է:

«Դժբախտաբար այսօր նորմալ մարդ գտնելը շատ դժվար է մի աշխարհում, որտեղ իշխանությունն ու գումարը դարձել են գերակա արժեքներ, իսկ սերն  ու ծիծաղը վտանգավոր երևույթներ: Օրինակ ԱՄՆ-ում բնակչությանը կառավարելու լավագույն միջոցը հասարակությանը դժբախտության, մենության և ձանձրույթի մեջ պահելն է»:

Պետչ Ադամսը խոստովանեց, որ արդեն երկար տարիներ է, նա ընդհանրապես հեռուստացույց չի դիտել, և խուսափում է ցանկացած լրատվությունից, քանի որ այդ ամբողջն իրականում վատ տեղեկատվություն հաղորդելու բիզնես է, ինչը մարդկանց դեպրեսիայի մեջ է գցում, բացասական հույզեր հաղորդում: Իսկ այն, ինչ ես եմ անում, բիզնեսին ձեռք չի տալիս, հետևաբար բիզնեսի ներկայացուցիչները երբեմն թերահավատորեն են մոտենում բուժման իմ մեթոդին:

«Մի մոռացեք, դժբախտությունն ու երջանկությունը ընդամենը բնակչությանը կառավարելու միջոց է: Եվ պատահական չէ, որ աշխարհի ամենագեղեցիկ բանը՝ սերը, որևէ տեղ չի գովաբանվում: Ի վերջո շատ դժվար է կառավարել սիրող մարդկանց, շատ ավելի հեշտ է դժբախտ մարդկանց վերահսկողությունը»:

Դատելով մարդկանց դիմելիությունից, աշխարհում մարդկության քանի տոկոսն է դժբախտ, Ռադիոլուրի հարցին Պետչ Ադամսը պատասխանեց, որ ընդամենրը 5 տոկոսն է երջանիկ:

Back to top button