Հասարակություն

Ականազերծված տարածքները հանձնվեցին Սյունիքի մարզպետարանին

Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծված և ստուգազննված տարածքները (18 281 քմ. ընդհանուր մակերեսով) հանձնեց Սյունիքի մարզպետարանին:

Հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, Սրաշենի և Ներքին Հանդի գյուղապետերը, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի հրամանատարը,  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  ղեկավարությունը, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի համակարգողներ Կատիե Քոֆիեն և Մրֆի Մքլոյը:

Հանձնման արարողության ընթացքում մարզպետի տեղակալը իր գոհունակությունը հայտնեց  ականազերծման աշխատանքների իրականացման մասնակիցներին և կարևորեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ համայնքի բնակիչներն արդեն կարող են օգտագործել  մաքրված հողատարածքները գյուղատնտեսական նշանակությամբ:

Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներն իրականացվում են  «ՀԱԼՕ Թրաստ-Հայաստան» կազմակերպության  և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական սակրավորային գումարտակի  ուժերով՝ ԱՄՆ պետդեպարտամենտի ռազմաքաղաքական հարցերով բյուրոյի զենքերի ոչնչացման և նվազեցման գրասենյակի (WRA) ծրագրերի օժանդակությամբ:

Back to top button