Հասարակություն

Էթիկայի հանձնաժողովը պատրաստվում է վերլուծել հայտարարագրերը

lusinevasilyan
Հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային  համակարգից անցում վերլուծական համակարգի ներդրմանը.  բարձրաստիճան պաշտոնատար  անձանց էթիկայի հանձնաժողովը մտադիր է վերլուծել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերն ու ի հայտ բերել ռիսկային  խնդիրները. հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանն ու արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր  համագործակցության  հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը էթիկայի հանձնաժողովին թույլ կտա օգտվել  տեղեկատվական բազաներից և  տվյալների համադրմամբ  վերլուծել բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրեըը: Սա, ըստ կողմերի,  կմեծացնի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և արդարադատության նախարարության միջև այսօր ստրագրված փաստաթուղը հանձնաժողովին թույլ կտա օգտվել   անհատական տվյալների տեղեկատվական բազաներից:  Կառույցի տվյալների բազայի առցանց միացումը պետական տեղեկատվական այլ համակարգերին հնարավորություն կտա ստուգելու հայտարարագրերում ներառված տվյալների հավաստիությունը: Մինչ այժմ հանձնաժողովը հենվել  է միայն այն տեղեկությունների վրա, որոնք տրամադրել են բաձրաստիճան պաշտոնյաները այժմ, կկարողանան դրանք համադրել այլ տվյալների հետ ու վերլուծություններ անել ՝ ասում է  կառույցի նախագահ  Սիրանուշ Սահակյանը:

«Պետական մարմիններում պահվող տվյալների հետ համադրելով մենք կկարողանանք պարզել, թե պաշտոնատար անձի տրամադրած տվյալը արժանահավա՞տ է, համապատասխանո՞ւմ է իրականությանը,  թե՞ ոչ: Այս համադրումը թույլ կտա հայտնաբերել  թաքցվող փաստերը, խեղաթյուրումնրը, կեղծումները»:

Այդ հնարավորությունը դեռևս չունենալու հանգամանքնով է Սիրանուշ Սահակյանը բացատրում այն իրավիճակը, որ հանձնաժողովը մինչ այժմ  տվյալների որևէ կեղծում կամ խեղաթյուրում չի հայտնաբերել: Ստուգելու հնարավորություններ, ասում է, չեն ունեցել:

«Որոշակի տվյալներ մամուլում հրապարակվել են, բայց մենք քննչական գործառույթներ ունեցող կառույց չենք: Մենք տվյալների համադրմամբ  կարող ենք կասկածներ դուրս բերել և հիմնավորելու պարագայում փոխանցել իրավապահ մարմիններին՝ հետագա քննությունը իրականացնելու»:

Հիշեցնենք, 2012թ.-ից գործող այս կառույցի գործառույթների մեջ ոչ միայն  բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումն էր, այլ նաև դրանց վերլուծությունը, շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումը, նաև՝  դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Հանձնաժողովի նախագահն ասում է, որ իրենց ուշադրությունը սևեռված է  եղել և առաջիկայում էլ  սևեռվելու է ոչ թե անձերի,  այլ երևույթների վրա:  Վերլուծական էլեկտրոնային համակարգը նույնպես սկզբնական շրջանում անձնավորված չի վերլուծելու հայտարարգրերը:

2012-ին, երբ ստեղծվում էր բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, դրա գործունեության հետ մեծ ակնկալիքներ էին կապվում՝  պաշտոնյաների գործունեությունը հասարակության համար թափանցիկ ու հրապարակային դարձնելուց՝ մինչև կոռուպցիայի դեմ պայքար:

Հանձնաժողովի արդյունավետության մասին մեր հացին, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսպես է արձագանքում.  արդյունավետությունը կարող էր դրսևորել միայն  այն լիազորությունների ու գործիքակազմի շրջանակում, որ ուներ հանձնաժողովը:

«Այո, հարցադրման հետ համաձայն եմ այն առումով, որ հանձնաժողովի գործիքակազմը թերի է և հնարավորություն չի տալիս լիարժեքորեն իրականացնել այն բոլոր գործառույթները՝ իրենց արդյունքներով ու հետևանքներով, որոնք ակնկալում է հասարակությունը»:

Ընդհանուր առմամբ, Հովհաննես Մանուկյանը, հսականում և կիսում է այս թեմայի շուրջ հասարակության մտահոգությունը:  Նաև կարծում է, որ իրավիճակը կփոխվի առաջիկայում ներկայացվելիք օրենսդրական փոփոխությունների արդյունքում: Դրանք փորձելու են մեծացնել հանձնաժողովի լիազորությունները, նաև ՝ որոշ խախտումների համար պատասխանատվություն նախատեսել:

Back to top button