Այսօր հրաժեշտ են տվել արաբերենի փայլուն մասնագետ՝ պարոն Հովհաննեսին
Բարի, առաքինի, չափազանց սկզբունքային, իր գործի անգերազանցելի վարպետ: Հովհաննես Ասատրյանին հենց այսպիսին են հիշելու նրա աշակերտներն ու գործընկերները, բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել շփվելու հիանալի այս անձնավորության հետ: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների արաբերեն լեզվի փայլուն թարգմանիչ Հովհաննես Ասատրյանին այսօր վերջին հրաժեշտն են տվել:
Պարոն Հովհաննես. Հանրային ռադիոյում նրան բոլորն այսպես էին դիմում, պատճառը նրա ազնվական ու չափազանց քաղաքակիրթ պահվածքն էր: Մարդկային տեսակ, որի կորստով աղքատանում է մեզնից յուրաքանչյուրը: Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների արաբերեն լեզվի փայլուն թարգմանիչն էր Հովհաննես Ասատրյանը:
Եթե ռադիոյում նա պարոն Հովհաննեսն էր, ապա ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բոլորի սիրելի ուսթազն էր: Արաբերենում այդպես վարպետ դասախոսին են դիմում: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Սոնա Տոնիկյանը ոչ միայն երկար տարիներ աշխատել է Հովհաննես Ասատրյանի հետ, այլև եղել է նրա ուսանողը:
Ծնվել էր Սիրիայում: Ընտանիքով Հայաստան էին տեղափոխվել 1960-ականներին: Դա նրա երազանքի իրականցումն էր: Դրա համար էլ գուցե Հայաստանից դուրս ամենագայթակղիչ առաջարկություններն անգամ մերժում էր: «Մերժում էր նաև սկզբունքից դրդդված»,-ասում է Սոնա Տոնիկյանը:
«Հայրենիքը սիրող, հայրենիքը հարգողմարդ, որը նպատակ ու նվիրում ուներ»,-Հովհաննես Ասատրյանին այսպես է բնորոշում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: