ԿարևորՀասարակություն

Երևանում մեկնարկել է ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը

sonahakobyan
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով: ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին ողջունել է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Բոլոնյան քարտուղարության ստանձնումը  եվրոպական կրթահամակարգի փորձառությունը կիսելու եւ Հայաստանի այդ տարածքին՝ լավագույնս ինտեգրվելու հնարավորություն է:

 

Երևանը պաշտոնապես ստանձնեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաքի տիտղոսը: Շնորհավորելով և ողջունելով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 9-րդ գագաթաժողովն ու  Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահենք հասարակությունները: Նախագահը նաև նշեց, որ հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն առանց փոփոխությունների: Այս առումով առանձնացնելով ուսանողների շարժունությունն ու կրթական հնարավորությունների լայն բազմազանությունը, Սերժ Սարգսյանը նկատեց, որ Եվրոպական կրթական համակարգը, հանձինս Բոլոնիայի գործընթացի, մեծ ներդրում է ունեցել աշխարհի այլ տարածաշրջանների կրթական բարեփոխումների համար՝ կրթական տարբեր ծրագրերի, քաղաքական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով:

«Զարգացող հասարակությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա շրջանում առավել քան կարևորվում է համադրելի չափորոշիչների կիրառումը՝ բարելավելու աշխատաշուկայի արդի պահանջները, ինչպես նաև կրթական ոլորտի շահառու կողմերի արդյունավետ համագործակցությունը: Եվրոպական կրթական համակարգը, հանձինս Բոլոնիայի գործընթացի, մեծ ներդրում է ունեցել աշխարհի այլ տարածաշրջանների կրթական բարեփոխումների համար՝ կրթական տարբեր ծրագրերի, քաղաքական և ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով: Հայաստանյան կրթական համակարգի համար կարևոր ձեռքբերումներից է 2012 թվականին Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը Երևանում, որը պատասխանատու, միաժամանակ պատվաբեր պարտականություն է»:

Ընդգծելով, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ ակնածանք ունի գիտելիքի և ուսման նկատմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը պատահական չհամարեց նաև այն, որ անգամ Հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել։ Մեզ համար մեծ հպարտություն և միաժամանակ պարտավորեցնող է նաև այն, որ այսօր նորովի է արժևորվում համաշխարհային գիտության, արվեստի, աստվածաբանության զարգացման մեջ հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ներդրումը. վերջին նման հրաշալի իրադարձությունը Հռոմի Պապի կողմից միջնադարյան մտքի հայ հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսի շնորհումն էր՝ մի տիտղոս, որը կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում միայն 36 մեծագույն մտածողների է շնորհվել, նախարարական գագաթաժողովի բացմանը նշեց ՀՀ նախագահը:

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը ողջունեց նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ընդգծելով միջոցառման կարևորությունը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է, հետևաբար Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցեություն կունենան  եվրոպական կրթական համակարգի  զարգացման վրա:

«Բոլոնիայի գործընթացն իր ողջ դժվարություններով ու մարտահրավերներով հանդերձ՝ հաջողված գործընթաց է: Այն բացառիկ նախագիծ է, որը միավորում է 47 եվրոպական երկիր: Այս նախագծի էությունը միայն կրթական չէ. դրա կարևորությունը նաև քաղաքակրթական է, այսինքն՝ բացառիկ հնարավորություն համամարդկային միասնական արժեքներով առաջնորդվող նոր սերունդ ձևավորելու համար: Կրթական ոլորտի բարեփոխումները հեշտությամբ չեն ընթանում և ոչ մի եվրոպական երկրում: Ակնհայտ է, որ մեր միասին լինելու ցանկությունն այնքան ուժեղ և ընդգծված է, որ ունակ է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Այսօր եվրոպական կրթության առջև ծառացած խնդիրները, իհարկե, բազմազան են, և հենց այդ խնդիրներին լուծումներ տալու համար մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ Երևանում, որպեսզի արտահայտենք մեր հասարակությունների քաղաքական կամքը՝ վճռականություն և միասնականություն ցուցաբերելով կարևորագույն ոլորտ հանդիսացող կրթության հարցերում»:

Կրթական ոլորտի բարեփոխումները, իհարկե, պահանջում են նաև քաղաքական կամք և այս կամքի արտահայտման համար հարկավոր են լիդերներ, նշեց նախարար Աշոտյանը: Իր հերթին կարևորելով Բոլոնիայի գործընթացը՝ Լիտվայի կրթության եւ գիտության նախարար Մարիտե Սեյլեն նշեց, որ անհրաժեշտ է առաջ ընթանալ՝ հաշվի առնելով քաղված դասերը: Նրա ձեւակերպմամբ, Բոլոնիայի գործընթացը խթանիչ է Եվրոպայի աճի համար, եւ ի հեճուկս որոշ քննադատությունների, ակնհայտ է, որ եվրոպական բարձագույն կրթության տարածքը առաջընթացներ է գրանցել, ինչի դրսեւորումներից են որակավորումների ճանաչման ավելի թափանցիկ եւ արդարացի լինելը, ուսանողների մրցունակ, շարժունակ լինելը:

Ի դեպ, նախարարական գագաթաժողովին նախարարները քվեարկեցին նաև Բելառուսի Հանրապետության՝ Բոլոնիայի գործընթացի անդամ դառնալու հարցը: Այս համատեքստում նրանք կարեւորեցին «ճանապարհային քարտեզի» կոմյունիկեն: Տարբեր երկրների ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին՝ արդյոք Բելառուսը պատրաստ է կատարել այն պարտավորությունները, որ սպասվում են անդամակցությունից հետո: Չնայած սրան, նախարարները հիմնականում կողմ էին, պարզապես բոլորը պնդում էին, որ Բելառուսը պետք է հետեւի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների դրույթներին ու ճանապարհային քարտեզին: Նրանք հայտարարեցին, որ խստորեն հետեւելու են, թե ինչպես է Բելառուսը կատարելու բոլոր պահանջները անդամակցությունից հետո:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կոչ արեց հիմնվել քննարկումների վրա եւ որոշում կայացնել: Ի վերջո Բելառուսի Հանրապետությունը դարձավ Եվրոպական կրթական տարածքի 48-րդ անդամը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական 9-րդ գագաթաժողովի ու  Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի շրջանակներում նախատեսվող հանդիպումներն ու քննարկումները  կշարունակվեն նաև վաղը:

Back to top button