Երևանը՝ եվրոպական ուսանողական միության մայրաքաղաք


Երևանը հայտարարվել է Եվրոպական ուսանողական միության մայրաքաղաք: 2015 թվականի Եվրոպական ուսանողական միության գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստանի և Իսրայելի Ուսանողական ազգային միությունները: Հաղթող է ճանաչվել Հայաստանը: Արդյունքում, մեր երկիրը հյուրընկալում է 39 երկրների 47 ազգային ուսանողական միության պատվիրակություններ ՝քննարկելու կրթական ոլորտում ներդրված բոլոնյան գործընթացի հիմնախնդիրներն ու մարտահրավերները: Համաժողովին կանցկացվի նաև կառույցի նախագահության ընտրություն և կլինի կառույցին անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողով, որի նպատակն է ուշադրություն հրավիրել բոլոնյան գործընթացի բացերի վրա:
Եվրոպական ուսանողական միություն: Կառույց, որում ընդգրկված են 39 երկրների 47 ազգային ուսանողական միություններ: Ուսանողական միության առաքելությունն է պաշտպանել Եվրոպայից և Հայաստանից ավելի քան 13 միլիոն ուսանողների իրավուքներ տարբեր ոլորտներում: Հայաստանում անցկացվող համաժողովում քննարկվելու են բոլոնյան գործընթացի անցած ուղին և թե ինչ արդյուքներ են արձանագրվել մինչ օրս: Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գերկեն Բոլոնյան գործընթացը գնահատում է կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կարոևարգույն ծրագիր և կարծում է, որ ճիշտ ու հստակ քայլերով պետք է գնալ առաջ:
«Բոլոնյան գործընթացը սկսվել է 1999 թվականին, բավականին շատ բան է խոստացվել ուսանողներին, բայց շատ բաներ չեն արվել: Ամենակարևոր խնդիրը, որը բաց է մնում այս գործընթացում, կրթական աստիճանների ճանաչելիությունն է բոլոնյան գործընթացում ներգրավված երկրների կողմից: Սա խոստացվել է ուսանողներին: Եթե ես սովորեմ Հայաստանի համալսարանի բակալավրիատում , դա պետք է ճանաչվի ենթադրենք Ֆրանսիայի կրթական համակարգի կողմից»:
Թեև կրթական աստիճանների ճանաչելիությունը ենթադրում է երկար գործընթաց, սակայն Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանը հավելում է, որ այդ ճանաչելիությունը հնարավորություն կտա Հայաստանում կրթություն ստացած ուսանողին իր աշխատանքը շարունակել եվրոպական ուսանողական միության անդամ 47 ազգային ուսանողական միություններից որևէ մեկում:
«Եթե գնանք Ֆրանսիայում որևէ գործատուի մոտ և ուզենանք դիմել սովորելու համար: Ինքը պետք է վերցնի իմ դիպլոմը և ասի՝ լավ ես տեսնում եմ սա, դու ունես սա, դու ունես բակալավրի կրթություն, դու ունես այսքան կրեդիտներ, էլ ինձ պետք չեն կրթական այլ պայմաններ: Ես ճանաչում եմ քո կրթությունը»:
Սակայն սա բոլոնյան գործընթացում առկա միակ խնդիրը չէ: Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գերկեն հիշատակում է ևս մեկը՝ անաշխատունակությունը: Այն որ ուսանողը, ավարտելով բուհը, չի կարողանում գտնել աշխատանք:
Սա, ըստ Էլիզաբեթ Գերկեի՝ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ եվրոպայի համար.
«Սա ևս կարևոր խնդիր է: Այս ուղղությամբ ևս պետք է քայլեր ձեռնարկենք, սակայն այս տարվա նախարարական գագաթաժողովին քննարկելու ենք՝ թե ուր է գնում Բոլոնիան գործընթացը և արդյո՞ք նախարարները պատրաստ են դրսևորել քաղաքական կամք և միասնականություն այս համակարգն առաջ տանելու համար»:
Եվրոպական ուսանողական միության անդամ երկրների կրթության նախարարների համակարգված ու միմիյանց նկատմամբ հավատի զգացումով աշխատանքի դեպքում միայն բոլոնյան համակարգը կդառնա իրականություն, վստահ է եվրոպական ուսանողական միության նախագահը: