Վերածննդի խաչքար՝ Առատաշենում


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվում են Արմավիրի մարզի համայնքներում և կրթօջախներում: Առատաշեն գյուղում տեղադրվել է խաչքար, որը հայ ժողովրդի վերածնունդն է խորհրդանշում, իսկ Վաղարշապատի թիվ 4 դպրոցում երեխաները իրենց հավաքական կերպարներում պատմության սև էջերը նույնացրել էին հաղթանակների հետ, որով հայ ժողովուրդը ազգային զարթոնք ապրեց ու շարունակեց արարել:
Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածքի Առատաշեն գյուղի նոր կառուցվող եկեղեցու բակում տեղ գտավ առաջին խաչքարը, որտեղ առատաշենցիներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Խաչքարն օծվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ: Խաչքարը խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը, մենք ոչ միայն հիշում ենք, այլ նաև պահանջատեր ենք:
Գյուղում քիչ չեն հայրենադարձներն ու գաղթականների սերունդները, որոնք վիշտը հոգու խորքում պահած, ամեն տարի ապրիլի 24-ին բարձրացել են Ծիծեռնակաբերդի բարձունք: 82- ամյա Ենոք Ղազարյանը նրանցից մեկն է, նրա ծաղիկները խոնարհվեցին իրենց գյուղի խաչքարին, որ դարձավ նաև իր կորցրած հարազատների շիրմաքարը:
Ծերուն Ներսիսյանի արմատները դարձյալ Արևմտյան Հայաստանից են: Նա նշում է, որ համայնքն ունեցել է հին ուխտատեղի, այժմ կառուցվում է նոր եկեղեցի, որի շինարարությունը գրեթե ավարտվել է, և շուտով կօծվի , սակայն մինչև այդ ապրիլի 24-ին ժամը 19-15-ին համայնքում 100 անգամ ղողանջել են նորակառույց եկեղեցու զանգերը:
Հայոց ցեղասպանությունից մինչև ազգային զարթոնք, վերածնունդ ու եռատոն, սուգն ու տոնը համատեղած , հայոց պատմության էջերը մեկտեղվել էին Վաղարշապատի թիվ 4 դպրոցի բեմում: Սիամանթո, Դանիել Վարուժան, Ռուբեն Սևակ, Կոմիտաս վարդապետ մտավորականներին մարմնավորած երեխաներն այն շիվերն են, որոնք ծլարձակվել են , աճում են ու պահանջատեր են: Պահանջելով՝ նրանց հայրերը տեր կանգնեցին Արցախին, հերթը՝ Արարատինն է: Վաղարշապատի թիվ 4 դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը վստահում է ապագա սերնդին, որ տեր պետք է կանգնեն իրենց հայրենիքին ու հաստատուն քայլերով առաջ գնան:
Նույն դպրոցի շրջանավարտ և պարուսույց Պետրոս Օրդակյանի ղեկավարած ,,Արծիվներ,, պարային համույթը պարի միջոցով գրեթե թերթեց մեր պատմության էջերը՝ ողբը, ցավն ու ցասումը, ելքը՝ հաղթական է: Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյան նոր սենդին հղեց Գրիգոր Տաթևացու բարեմաղթանքները. «Ծլեք սիրով, կանաչեք հույսով, ծաղկեք հավատով և պտղաբերվեք լավ գործերով»:
Նշեմ, որ Վաղրշապատի , Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի թիմը պատանեկան «Հայ ասպետ»-ի տարվա հաղթողն է, ինչպես նաև այստեղ են սովորում «Ամենախելացին» հեռուստախաղ-մրցույթի հաղթողներ Բարսեղ Արթենյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք պարգևատրվեցին մարզպետի պատվոգրերով: Պատվոգրեր հանձնվեցին նաև ուսուցիչներին ու դպրոցի տնօրենին: