Հաշմանդամ մարդն այս երկրում անտիրական է. Արմեն Ալավերդյան


Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է, ինչը հերթական առիթն է խոսելու այն խնդիրների մասին, որոնց մեր երկրում ամեն օր բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք: Իրենց մասին խոսելու ձեւակերպումներից մինչեւ արհամարհանք տարրական հարցերում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը երկար է թվարկել խնդիրները եւ հայտարարել` մեր երկրում հաշմանդամության խնդրին բախվող մարդիկ շատ հաճախ իրենց ուղղակի անտիրական են զգում, իսկ բյուրոկրատիան ամենուր է:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը հաշմանդամության հարցի մասին խոսելիս առաջինն առանձնացնում է հաշմանդամ անձանց մասին խոսելիս ձեւակերպումների կոռեկտության խնդիրը: Թվում է` խնդիրը երկրորդական է, ասում է, բայց իրականում սա կարծրատիպերի հետեւանք է, որը ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց նաեւ հոգեբանական խնդիրներ է պատճառում: «Երբեք չպետք է օգտագործվի սահմանափակ հնարավորություններով անձինք արտահայտությունը, երբեք»:
Հաշմանդամ մարդիկ ունեն աշխատանքային լուրջ ներուժ, եւ մեր երկրում լրջագույն խնդիրներից մեկը հենց այդ ներուժի չօգտագործումն է: Այդ ներուժը հաշմանդամն ինքն էլ չի կարողանում իրացնել, քանի որ չունի պատշաճ հնարավորություն գործատուի հետ հանդիպման գնալու, աշխատանքի հասնելու, կրթական ծրագրերի մասնակցելու:
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է, ինչն արդեն երկրորդ տարին է` Եվրոպայում նոր անունով է նշվում` անկախ կյանքի օր: Հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրել արժանապատիվ կյանքով, լինել ինքնուրույն, անկախ…
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը Հայաստանում բնակվող հաշմանդամ մարդկանց անունից դժգոհելու առիթ ունի ոչ միայն իշխանության, այլեւ քաղաքացիների անուշադիր ու անփույթ վերաբերմունքից: Հասարակ օրինակ, ասում է Ալավերդյանն ու մատնանշում` եթե անգամ նախատեսում են կայանատեղի հաշմանդամների կամ հաշմանդամներին տեղափոխող մեքենաների համար, ապա դրանք մշտապես զբաղեցվում են այդ խնդիրը չունեցողների կողմից:
Եթե անգամ շենքերն ունեն թեքահարթակ, ապա դրանց դիմացը փակվում է կայանված մեքենաներով: Եթե անգամ գետնանցումներում կառուցում են թեքահարթակ, ապա երբեմն միայն հատուկ հնարքների տիրապետողները կարող են օգտվել: Եթե նորակառույց շենքերը թեքահարթակներով հագեցնելու ուղղությամբ գոնե որոշակի դրական տեղաշարժ կա, ապա նույնը պարզապես հնարավոր չէ ասել հաշմանդամների սոցիալական վիճակի մասին: «Այստեղ ոչ մի դրական զարգացում, ցավոք, չմ կարող նշել: Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակն, իհարկե, «ահռելի» չափով բարձրացվել է` մի քանի հազար դրամով, բայց այն մի քանի անգամ պակաս է նվազագույն սոցիալական զամբյուղի արժեքից»:
Կրթական ոլորտում զարգացումները դեռ հույսի մակարդակով են: Այստեղ էլ Ալավերդյանի դրական գնահատումները չակերտավոր են:
Եւ ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող մարդկանց ուղղված ծրագրերը շատ հաճախ ձեւական են, հայտարարում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը եւ ասվածը հաստատում բազմաթիվ փաստերով: Պետությունն իր վրա է վերցրել հաշմանդամներին անհրաժեշտ սարքերի տրամադրումը` սայլակներ, լսողական սարքեր, պրոթեզաօրթոպեդիկ սարքավորումներ եւ այլն, բայց դրանք մեկ չափազանց ուշանում են, ինչպես հենց այս պահին, մեկ էլ այնքան անորակ են, որ հաշմանդամին տեղաշարժման ամենակարեւոր պահին սպառնում են առողջական նոր խնդիրներով:
«Որակն ահավոր է: Ես 2 ամիս սկզբունքորեն հենց պետության տրամադրած սայլակով եմ տեղաշարժվում: Արդեն երկու անգամ տվել եմ վերանորոգման, բնականաբար, իմ հաշվին: Իսկ մի անգամ քիչ էր մնում մեծ վնասվածք ստանայի, մի կերպ ինձ պահեցի, որովհետեւ տեղաշարժվելիս կոտրվեց խողովակը, հասկանո՞ւմ եք, ամենակարեւոր կոնստրուկցիան»:
Հայաստանյան վիճակագրությունը խիստ կաղում է հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց մասին խոսելիս: Մոտավոր տվյալներում` երկրում շուրջ 200 հազար հաշմանդամ կա, որոնց 9 տոկոսն է ընդամենը աշխատում: Նրանց մի մասն էլ ներկայացված չէ ոչ վիճակագրության մեջ, ոչ հասարակության, քանի որ հատկապես բազմակի հաշմանդամությունը մարդկանց լիովին մեկուսացնում է: Հաշմանդամության հարցերի կարգավորմանն ուղղված մայր օրենքն այդպես էլ փոշոտվում է խորհրդարանական դարակներում, որոշ օրենքներ էլ շարունակ փոփոխվում են` այդպես էլ երկարատեւ արդյունք չապահովելով:
Ալավերդյանն այս հարցում էլ է օրինակներ բերում: Հաշմանդամ մարդկանց աշխատանքի վերցնելու համար պետությունը 2 տարի փոխհատուցում էր գործատուին նրա աշխատավարձը: Դա նախկինում: Նոր օրենքով` ընդամենը 6 ամիս: 2 ամսում մարդը հասցնում էր աշխատանքային հմտություններ ձեռք բերել, խորացնել, 6 ամսում` երբեմն` ոչ, ասում է Ալավերդյանը: Դրական փոփոխություն էլ կա, շենքային պայմանները հաշմանդամ մարդկանց հարմարեցնելու համար 200 հազարի փոխարեն այժմ մինչեւ 500 հազար դրամ է տրամադրվում: Բայց «բայցեր» միշտ էլ կան, ցավով նշում է Ալավերդյանն ու իրավիճակն ամփոփում մեկ արտահայտությամբ` մեր երկրում հաշմանդամ մարդն իրեն շատ հաճախ անտիրական է զգում: