Հասարակություն

Հայաստանը՝ «ազատ»-ի եւ «ոչ ազատ»-ի սահմանագծին

karenghazaryan
«Մեդիա կենտրոնում» այսօր տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Մամուլի ազատության օրվան: Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել «Freedom House» կազմակերպության՝ Հայաստանում մամուլի ազատության գնահատականին, ինչպես նաև լրագրողների նկատմամբ իրականացվող բռնություններին:

 

«Freedom House» կազմակերպության՝ մամուլի ազատությանն առնչվող  զեկույցի համաձայն՝ Հայաստանը գտնվում է «ազատ»-ի եւ «ոչ ազատ»-ի սահմանագծին: Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի գնահատմամբ՝ այս կազմակերպության գնահատականները նույնն են 2002-ից ի վեր:

«Ըստ էության՝ բան չի փոխվում: Ինչ-որ թեթեւ վայրիվերումներ են լինում: Ես ուզում եմ նաեւ նշել, որ միայն Ֆրիդոմ հաուսի գնահատականներով առաջնորդվելու կարիք չկա: Եվ ընդհանրապես, կարիք չկա արտաքին գնահատողների գնահատականներով առաջնորդվել: Ես իմ վերաբերմունքն ունեմ մամուլի ազատության իրավիճակին»:

Լեւոն Բարսեղյանը կարծիք հայտնեց, որ զանգվածային լրատվամիջոցներում կան այնպիսիք, որոնք իսկապես ազատ են իրենց լրատվական քաղաքականության մեջ եւ որեւէ մեկը նրանց չի կարող թելադրել՝ ինչ անել ու ինչպես անել: «Ասպարեզ» լրագրողական ակումբի ղեկավարի կարծիքով, սակայն, որպես հավաքականություն զլմներն ունեն խնդիրներ:

«Հավաքականության մեջ, դժբախտաբար, ես էլ եմ կարծում, որ Հայաստանում դեռ զանգվածային լրատվամիջոցները մնում են անազատ»:

Պատճառները շատ են ու դրանց մասին շատ է խոսվել՝ հավելեց Լեւոն Բարսեղյանը՝ առանձնացնելով մեկը: Ըստ նրա՝ իշխանությունները ջանում են, որ խոշոր լրատվամիջոցները բովանդակային առումով լինեն կատարելապես վերահսկելի: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի գնահատմամբ՝ կայուն անփոփոխ իրավիճակը նույնպես դրական է, քանի որ մամուլի ազատության վիճակը Հայաստանում կարող էր ավելի վատ արձագանք ու գնահատական ստանալ:

«Իհարկե, քանակի առումով լրագրողների նկատմամբ բռնությունների աճ կամ նվազում տեղի չի ունեցել: Այստեղ էլ ենք մենք արձանագրում կայուն ցուցանիշ: Բայց ցավալին այն է, որ որեւէ քայլ, որեւէ առաջընթաց այդ բռնություններին համապատասխան՝ իրավական դաշտ բերելու եւ պատասխանատվության ենթարկելու առումով, որեւէ բան չի փոխվել: Չի փոխվել նաեւ օրենսդրության առումով»:

Այդ ամենը նույնպես, ըստ Շուշան Դոյդոյանի, ուղղակիորեն անդրադարձ են ունենում միջազգային գնահատականներում: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավարը «Ֆրիդոմ հաուզ»-ի զեկույցի լուրջ թերացումը համարեց, որ այնտեղ անդրադարձ չկա ինտերնետային մամուլին:

«Լրագրողներ հանուն ապագայի» Հ/Կ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ ինտերնետ ոլորտում, այսպես ասած, «զավթողական վիճակ է», երբ խոշորները փորձ են անում գրավել լրահոսի տիրույթը եւ հասարակության ուշադրությունը շեղել ամենակարեւոր խնդիրներից ու թեմաներից:

«Այսօր մենք տեսնում ենք, որ այն շրջանառվող տեղեկատվության մեջ, այսպես ասած, հիմնական հոսքը դա աղմուկ է. աղմուկ է առանց որեւէ արժեքի»:

Նման պարագայում պետք է օգտատերերը իրենք հետեւեն այն լրահոսերին կամ կայքերին, որոնք բարձրաձայնում են իրենց խնդիրները եւ նպաստում դրանց լուծմանը՝ առաջարկեց Սուրեն Դեհերյանը:

Ֆոտոլրագրող Անի Գևորգյանը բռնության դեպքերին անդրադառնալով՝ ասաց, որ իրավապահներին դիմելու իր քայլերը որեւէ արդյունք չեն արձանագրել, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել՝ կոնկրետ իր աշխատանքի նկատմամբ ոտնձգությունների դեպքերով:

«Ես գտնում եմ, որ այս բոլոր խնդիրների լուծումը միանշանակ քաղաքական է: Իշխանությունները պետք է լինեն էնպիսին, որ իրենց համար իսկապես արժեք լինի լրագրողը, լրագրությունը, խոսքի ազատությունը եւ իր համար անթույլատրելի լինի լրագրողի եւ լրագրության նկատմամբ նման գործողությունը»:

Բանախոսները կարծիք հայտնեցին նաեւ, որ իրավիճակ փոխելու համար անհրաժեշտ է լինել հետեւողական ու մշտապես բողոքարկել՝ յուրաքանչյուր խախտման դեպքում: Նրանք կարծում են, որ դա ժամանակ, նյարդեր պահանջող վիճակ է, բայց ժամանակի ընթացքում տալիս է իր արդյունքները: Քննարկման մասնակիցները նաեւ կարեւորեցին հասարակական ակտիվությունը: Ըստ բանախոսների՝ հասարակությունն էլ պետք է գիտակցի, որ լրագրողի նկատմամբ բռնությունը բռնություն է հասարակության հանդեպ:

 

Կարդացեք նաև

Back to top button