Արցախում անցկացվել են միջազգային չափանիշերին համապատասխանող ընտրություններ, ասում են եվրոպացի դիտորդները


«Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները կատարյալ են, թափանցիկ, համապատասխանում են միջազգային չափանիշերին, որոնք կիրառվում են Եվրոպայում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման գնահատական է հնչեցրել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը:Վերջինս նշել է նաև, որ Արցախի համար ժողովրդավարական չափանիշները ավելի գերակա են, քան՝ «ժողովրդավարական» Ադրբեջանի։
Ընդունելով ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը` Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով: Թեև Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակի պատճառով Եվրոպական խորհրդարանի կամ ԵԱՀԿ-ի կողմից պաշտոնական դիտորդական առաքելությունը բացակայելու էր, խումբը որոշեց ներկա գտնվել և գնահատել ընտրական գործընթացը: Այսօր նրանց գնահատականները միայն դրական են։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգաին դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը մի քանի անգամ կրկնեց , որ ընտրությունները անցակացվել են եվրոպական չափանիշերին համապատասխան՝ ազատ արադար ու թափանցիկ:
«Արցախի ժողովրդավարական չափանիշները ավելի գերակա են, քան՝ այսպես կոչված, «ժողովրդավարական» Ադրբեջանինը: Չեմ կարող չհիշել, որ 2013 թվականի աշնանն Անդրբեջանը ձևացրեց, իբր նախագահական ընտրություններ է կազմակերպել: Արցախում և Արդբեջանում իրականացված ընտրությունների տարբերությունն այն է, որ Ադրբեջանում նախապես գիտեին ընտրությունների արդյունքներըˋ միջև դրանց ավարտը»:
Ֆրանկ Էնգելը չկարողացավ մատնանշել բացասական որևէ միջադեպ, իսկ 70.6 տոկոս մասնակցությունը համարեց խրախուսելի: Նա նաև նկատեց, որ նախկին տարիներին անցկացված ընտրություններին մասնակցած առաքելությունների եզրակացությունները նույնպես բավական դրական են եղել։ Էնգելը ցավում է, որ եվրոպական մի քանի երկրները հայտարարել են, որ չեն պատրաստվում ընդունել կամ հաստատել Արցախում կայացած ընտրությունները:
«Պարզապես հետաքրքիր է՝ ինչպես կարելի է չընդունել այսպես կատարյալ, թափանցիկ կազմակերպված ընտրությունները: Եթե ընտրությունները կազմակերպված լինեին ադրբեջանական ստանդարտներով, միգուցե կասեին, որ դեմոկրատական բացթողում է, բայց ես տեսա, թե որքան կատարյալ էր ամեն ինչ կազմակերպված: Կամ եթե ընդհանրապես ընտրություններ չկազմակերպեին, կդատապարտեին՝ նշելով, որ որևէ ընտրություն չեն կարողանում կազմակերպել»։
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան, ով աջակցել է դիտորդական առաքելությանը, իր հերթին կատակեց, որ ընտրությունները բավականին «ձանձրալի» են անցել, քանի որ դիտողություն անելու ոչինչ չկար:
«Այս ընտրությունները հետաքրքրական էին նաև այն առումով, որ Հարավային Կոնվկասում շատ խնդիրներ կան ժողովրդավարական չափանիշների հետ կապված: Հրաշալի էր տեսնել, որ այս փոքրիկ հողակտորում, պարբերաբար բռնությունների ենթարկվող ժողովուրդը կարողացել է զարգանալ և հասնել միջազգային չափանիշերին համապատասխանող ժողովրդավարության»: