

Մանկական ուղեղային կաթվածը երեխաների շրջանում հաշմանդամության ամենատարածված պատճառներից է և այն ախտահարում է 1000 նորածիններից 2-ին: Աշխարհի զարգացած երկրներում այս հիվանդությամբ երեխաների հիմնախնդիրների պատասխանատվությունը ստանձնել է պետությունը, սակայն Հայաստանում այն դեռևս մնում է բարեգործական հասարակական կազմակերպությունների հոգածության ներքո: 2012 թվականից Հայաստանում գործում է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է աջակից լինել այսօրինակ երեխաներին՝ դառնալ հասարակության լիիրավ անդամներ: Մայիսի 3- ին կազմակերպությունը այսօրինակ երեխաների ընտանիքների հոգսերը թեթևացնելու նպատակով կազմակերպել է RUN YEREVAN վազքի մրցույթ, որից ստացված հասույթով գնելու են տեխնիկա հաշմանդամ երեխաների համար:
Մանկական ուղեղային կաթվածը մահավճիռ չէ: Աշխարհում շատ հայտնիներ են տառապել մանկական ուղեղային կաթվածով: Խնդիրը նման երեխաներին հասարակության լիիրավ անդամներ դարձնելն է: Մանկական գլխուղեղի կաթվածով երեխաների` հասարակությանը լիարժեք ինտեգրելու գործընթացը շատ երկրներում բավականին երկար ճանապարհ է անցել և դրական ակնհայտ արդյունքներ արձանագրել: Հայաստանում նմանօրինակ հիվանդությամբ երեխաների հիմնախնդիրներով զբաղվող «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունում գրանցված է մայրաքաղաքից և Հայաստանի տարբեր շրջաններից 150 երեխա։ Մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար առաջնային օգնությունը վերականգնողական բուժումն է, ինչի համար էլ պետությունը պետք է ստանձնի որոշակի պատասխանատվություն, ասում է կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանն ու ավելացնում, չնայած պետության կողմից տրամադրվում է վերականգնողական երկանգամյա բուժում և ամսական 21 հազար դրամ նպաստ, սակայն, վերջինիս խոսքով, դա քիչ է:
Մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձինք՝ մասնավորապես երեխաները, ունեն մի շարք հիմնախնդիրներ։ Դա եւ վերակագնողական բուժումն է եւ հասարակական վայրերի անմատչելիությունը: Չնայած մայրաքաղաքում այս ուղղությամբ որոշ քայլեր ձառնարկվում են, սակայն պատկերն անմխիթար է մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող շատ երեխաներ չեն կարողանում նույնիսկ հաճախել մանկապարտեզ:
Եթե աշխարհում նմանօրինակ խնդիրներով երեխաների հիմնախնդիրների պատասխանատվությունը ստանձնում է պետությունը, ապա մեզ մոտ դեռևս դրանց լուծման խնդիրներով հասարակական կազմակերպություններն են լծված: Երեխաների վերականգնողական բուժման ծախսերը հոգալու համար այս կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր ու նախագծեր է կազմակերպել: Դրանցից մեկն էլ արդեն երկու տարի կազմակերպվող վազքի մարաթոնն է: Հաշվի առնելով նախորդ տարի կազմակերպած մրցույթի արդյուքները՝ հասարակական կազմակերպությունն այս տարի նախաձեռնել է նման միջոցառում, որին մասնակցելու են հայտնի շատ դեմքեր ու բարեգործական կազմակերպություններ։ Այս տարվա միջոցառումը, որը տեղի է ունենալու մայիսի երեքին Բուսաբանական այգում, մի փոքր կտարբերվի նախորդից:
Նախորդ տարվա մրցույթից գոյացած գումարներն ուղղվել են վերականգնողական բուժման կազմակերպմանը, սակայն այս տարի ձեռք կբերվի անհրաժեշտ տեխնիկա մանկական ուղեղային կաթվածով տառապող 10 երեխաների համար։ Պետության կողմից տրամադրվածը վատորակ է և չի ծառայում նպատակին: Այդ տեխնիկայի որակի խնդիրը բազմիցս բարձրացվել է առողջապահության և աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարարությունների առջև, սակայն մինչ օրս որևէ լուծում չի ստացվել:




