ԿարևորՀասարակություն

Ցեղասպանությունը փաստ է.Հայաստանը Google-ում՝ թոփ թեմա

lianaeghiazaryan
Այս օրերին Google-ում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը 2-ից 4 անգամ մեծացել է, սա տեղեկատվական տարափի թռիչքային աճ է, գնահատում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարիտիրոսյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստել է` Հայոց ցեղասպանության մասին այնքան փաստարկված խոսվեց ու ներկայացվեց, որ մենք այլեւս վիճելու առիթ չունենք: Ճանաչման հարցը հիմա կոնկրետ քաղաքական դաշտում է:

 

 

Վերջին մի քանի օրը համաշխարհային ինտերնետ հանրույթում ամենաշրջանառվող բառերից են եղել Հայաստանը եւ Հայոց ցեղասպանությունը: Հայ օգտատերերը եւ ինտերնետային անվտանգության փորձագետները այս օրերին թուրք-ադրբեջանական հաքերային հարձակումների տարափին հիանալի դիմակայեցին: Վերջիններիս կողմից կոտրված մոտ մեկ տասնյակ հայկական կայքերն ամենաընթերցվողներից չէին, ու դա ոչ մի կերպ չխոչընդոտեց, որ աշխարհի 4 կողմում սփռվի Հայաստանից հեռարձակվող տեղեկատվությունը հայ եւ արտասահմանյան ամենահայտնի լրատվամիջոցների կողմից, փաստում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ամերիկյան հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի, «System of a down» հանրահայտ ռոք խմբի, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով մեր երկիր ժամանած տարբեր երկրների նախագահների ու հեղինակավոր անձանց այցի մասին տեղեկատվությունը Google-ում եւ սոցիալական ցանցերում ամենաբարձր հորիզոնականներում են հայտնվել: Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ էր մեր երկրի պատմության մեջ, շեշտում է Սամվել Մարտիրոսյանը: Google-ը հաճախելիության մասին իր ապրիլյան տվյալները դեռ չի ամփոփել, բայց նախնական գնահատումները հետեւյալն են փաստում:

«Տոկոսային հարաբերությամբ  «Հայաստան», «Որտեղ է Հայաստանը», «Հայոց ցեղասպանություն» բանալի բառերով որոնումները Գուգլի` 2004-ից տարվող վիճակագրությամբ աճել են 2-4 անգամ` անգամ ամենապիկային շրջանների համեմատ»:

Ապրիլքսանչորսյան իրադարձությունները 100 տարի առաջ եւ այս տարի. սա մի քանի օր թիվ մեկ թեման էր Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում: Ցեղասպանությունը հերքող Թուրքիան հայտնվել էր տեղեկատվության տարափում թե հենց իր երկրում թե Ցեղասպանությունը հերքողների, թե դատապարտողների նախաձեռնությունների միջոցով: Անգամ համացանցում Թուրքիա բառը որոնելիս Հայոց ցեղասպանությունն էր որպես հեշ թեգ հայտնվում: Google.am-ում հայտնված սեւ ժապավենն այնքան չօգնեց, որքան հայ-թուրքական համացանցային պայքարում իրենց եղբայրական ժողովրդին «արջի ծառայություն» մատուցող ադրբեջանցիները: Նրանք իրենք են ծառայում որպես գործիք հայկական համացանցը ճանաչելու, Հայաստանի մասին տեղեկատվությունն առավել տարածելու գործում: Ու նաեւ նրանք են օգնում, որ թոփ թեման Հայաստանը մնա:

«Հազվադեպ է լինում, որ ինչ-որ թեմա թոփ մեկը մնա, բայց այս թեման ժամեր շարունակ թոփ մեկն էր: Այդ ալիքը գալիս էր ցունամիի ալիքի պես, ու դրա դեմ պայքարելը, աղբ լցնելն այդքան էլ հեշտ չէ»:

Ինչ տվեց համացանցային տեղեկատվական ալիքը Հայաստանին: Չափազանց կարեւոր շեշտադրում քաղաքական դաշտում, ասում է Սամվել Մարտիրոսյանն ու բացատրում` թուրքական սին քարոզչությունը ճգնաժամային վիճակում հայտնվեց: Ցեղասպանություն լինել-չլինելու խնդիր այլեւս չկա, կա այժմ մեկ հարց քաղաքական հարթության մեջ` որքանով է այս կամ այն երկիրը պատրաստ Ցեղասպանությունը ճանաչելով վտանգել իր հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Մենք այլեւս վիճելու խնդիր չունենք: Մի քանի տաի առաջ մենք դեռ ապացուցելու խնդիր ունեինք, որ Ցեղասպանություն եղել է: Կարծում եմ` սառույցը լիովին կոտրվել է»:

Կարդացեք նաև

Back to top button