Քաղաքական

Հայաստանը ողջունում է ՌԴ պետդումայի ընդունած հայտարարությունը

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ։

Ինչպես հայտնում են արտգործնախարարությունից, նախարարը, մասնավորապես, նշել է. «

Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին՝ մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և հետևողական դիրքորոշման համար։ Ինչպես ասել է Ռուսաստանյան Դաշնության նախագահը, Հայոց ցեղասպանությունը եղբայրական Ռուսաստանում մշտապես ընկալվելէ որպես սեփական ցավ և ողբերգություն։

‪‎Ռուսաստանը` ‪‎Ֆրանսիայի և ‪Մեծ Բրիտանիայի հետ միասին, դեռևս 1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածը` կոչելով այն հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ:

Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման 1995թ. և 2005թ. ընդունված հատուկ հայտարարություններով հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակեց որպես ցեղասպանություն՝ ‪ապրիլի24-ը ամրագրելով զոհերի հիշատակի օր:

Պետական դումայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարության ընդունումը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է և խոսուն վկայություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և դրա ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության առաջնային խնդիրներից է:

Այս օրերին, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ այս առթիվ իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչ անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը, ‪‎Անկարան ի պատասխան աջ ու ձախ կոպիտ և սադրիչ քննադատություններ է հնչեցնում՝ հակադրվելով միջազգային հանրությանը։ Ժխտողական կեցվածքի հետևանքով առավել խորանում է անդունդը Թուրքիայի և քաղաքակիրթ աշխարհի միջև»,-ասված է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button