ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Բունդեսթագի՝ Ցեղասպանության բանաձեւի վերջնական քննարկումը ապրիլի 30-ին

lianaeghiazaryan
Գերմանիայի խորհրդարանը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում 1.5 հայերի կանխամտածված բնաջնջումը և տեղահանություններին Ցեղասպանություն անունը տվող բանաձեւի վերջնական քննարկումը թողեց Բունդեսթագի արտաքին հարցերի հանձնաժողովին, որի նիստը տեղի կունենա ապրիլի 30-ին: Հենց այդ նիստում պետք է բանավոր պատասխաններ հնչեցվեն այսօր ներկայացված 9 ելույթներին, ինչին եւ, ինչպես սպասվում է, կհաջորդի վերջնական բանաձեւի հաստատումը: Այս նիստը խիստ ուշագրավ էր այն առումով, որ հաջորդեց Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը եւ լի էր պատմական փաստն իրական անունով կոչելու հորդոր անող վառ ելույթներով: 

 

Շուրջ 2 ժամ` նախատեսված մեկ ժամի փոխարեն: Ճշտապահ Գերմանիայում հազվադեպ են խախտում խորհրդարանական օրակարգը: Բունդեսթագը ներկայացնող տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ այսօրվա 9 ելույթները, սակայն, չնայած գերազանցում էին նախապես տրամադրված ժամանակը, չընդհատվեցին: Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը խորհրդարանի այսօրվա նիստի մեկնարկը տվեց հենց հայոց ջարդերին նվիրված քննարկումներով ու հոտնկայս շեշտեց` գերմանական կառավարությունը կրում է 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված կոտորածների համապատասխանատվությունը: Պատմությունը պարտադրում է հիշել պատմական փաստերը: Կարելի է փաստերը հերքել, բայց դրանք ջնջել հնարավոր չէ: Իրական խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ իրերն իրենց անունով չեն կոչվել:

Թուրքական այսօրվա իշխանությունը պատասխանատու չէ 1915-ի դեպքերի համար, բայց համապատասխանատվություն է կրում հետեւանքների վերացման համար: Սակայն այսօր էլ Թուրքիայում մարդիկ են հալածվում քաղաքական հայացքների համար: Այսօր շատ խելացի կրթված թուրք գրողներ, լրագրողներ, քաղաքապետեր, հոգեւոր առաջնորդներ, նաեւ` Նոբելյան մրցանակակիր Օրհամ Փամուկն աշխատում են ճիշտ ուղղությամբ, նրանք ստանում են մեր աջակությունը, ինչի կարիքն իրապես ունեն»:

1915-ի իրադարձություններն այսօր տարբեր բնորոշումներ ստացավ, որոնք, ամենակարեւորը, ամփոփվեցին Ցեղասպանություն, Գենոցիդ եզրույթների մեջ: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD)  պատգամավոր Գերնոթ էրլերն իր ելույթում գենոցիդիալ իրադարձություն կոչեց տեղի ունեցածը` մեջբերելով պատմական փաստեր ու ցիտատներ` «գաղթական հայերից ով չկոտորվեց, շնագայլերի բաժին դարձավ»: Պատգամավորը փոխանցեց հայ դիվանագետների խոսքերը` «մենք չենք ուզում ետ նայել, մենք ուզում ենք առաջ նայել` պատմական իրադարձություններին իրական անուն տալով»: Մենք գիտենք փոքրիկ Հայաստանի դժվար վիճակը` ԼՂ չլուծված խնդիր, փակ սահմաններ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, ԵՄ ուղղությամբ ծրագրեր, քայց քաղաքական ուղեգծի փոփոխություն դեպի ԵՏՄ: Հայաստանի 3 մլն հայերը կարիք ունեն հույս տվող փաստաթղթի, որը մենք պետք է ամփոփենք մեր այսօրվա զեկույցով»: Ձախերից Ուլա Յելփկեյի առաջին ողջույնը հայերին էր ուղղված, հիշեց 1915-ի դեպքերը աղետ, ջարդեր բառերով: Երբ խոսեց «ցեղասպանության» սահմանումից` սկսեց թվարկել 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը: «Առանց կասկածի` այստեղ խոսքը նախապես ծրագրված եւ մանրամասնորեն իրագործված Ցեղասպանության մասին է: Կոալիցիայի համար ամոթալի կլինի վերջնական բանաձեւում չներառել Ցեղասպանություն բառը: Գերմանիայում ապրող բազմահազարանոց թուրքական համայնքը դեռ ամուր կապեր ունի երեւույթը ժխտող Թուրքիայի հետ: Այն ժամանակվա գերմանական կառավարությունն էլ թույլ չէր տալիս որեւէ քննադատություն թուրքական կառավարության դեմ: Ցավալի կլինի այսօր էլ Թուրքիայի` որպես բնական դաշնակցի ազդեցությունը զգալ: Հարկ է անվերապահորեն խոստովանել գերմանական կառավարության մեղսակցությունը հայերի ջարդերին եւ հայերից ներողություն խնդրել»: Կանաչներից Ջեմ Օզդեմիրը նախ խոսքը սկսեց շնորհակալությամբ` ուղղված Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին` Ցեղասպանություն բառի արտաբերման համար:

Հայաստանում եմ եղել մարտին, հանդիպել քաղաքական գործիչների, առաջադեմ հասարակության հետ: Այնտեղ ոչ ոք չի հասկանում` ինչու իրական գործիքները չեն օգտագործում իրադարձությունները դատապարտելու եւ հետագայում կանխելու համար: Ես չերքեզական ծագում ունեմ, իմ նախնիներն էլ էլ խոսում Հայոց ցեղասպանության մասին, վկայում դրանց մասին: Կոչ եմ անում այսօր վերջապես ամեն ինչ կոչել իր անունով: Սա Թուրքիայի համար էլ է կարեւոր: Վստահ եմ` եթե Հրանտ Դինքը կենդանի լիներ, Թուրքիան այսօր ավելի առաջադեմ երկիր կլիներ: Կոմիտասը կենդանի լիներ, մի նոտա ավել կլիներ համաշխարհային երգարվեստում: Շատերն իրենց ներդրումն ունեցան ճանաչման գործում: Թուրքիայում երեխաները չպետք է մարդասպան փաշաներին ճանաչեն որպես հերոս: Նրանց պետք է սովորեցնել, որ նման բան այլեւս չկրկնվի: Մենք ուզում ենք որպես թուրքերի ընկեր ասել` սահմանները բացեք այնպես, ինչպես գերմանա-լեհական սահմանը բացվեց, դա առաջին հերթին թուրքերի համար է օգտակար: Մենք պատմության մութ հետքերին ենք առնչվում, մենք պետք է ներղություն խնդրենք: Ապագա սերունդները Հայաստանում եւ Թուրքիայում պետք է իրենց բարեկամությունը կերտեն այսօր ընդունված բանաձեւի հիման վրա»:

Քրիստոնյա դեմոկրատական միություն/ Քրիստոնյա սոցիալական միությունից (CDU/CSU) Նորբերտ Ռյոտգենն իր ելույթը հարցով սկսեց` ինչու է կարեւոր իրադարձությունները Ցեղասպանություն կոչել: «Մենք պարտք ունենք Ցեղասպանության զոհերի եւ նրանց հետնորդների առջեւ, պետք է իրադարձություններն անվանել Ցեղասպանություն: Սա մարդկային արժանապատվության հարց է: Մենք գիտենք, որ դա ցավոտ կլինի, բայց այսօր անենք առաջին քայլը, մենք չպետք է լռենք, հատկապես, որ մենք մեղքի մեծ բաժին ենք կրում: Սա վերջ չէ, սա սկիզբ է նոր փուլի»: Շեշտենք, որ այսօր Բունդեսթագի 9 ելույթներից 2-ը շեշտադրում էին գերմանական մեղսակցությունը մեղմելու հարցը, դրանցից մեկի դեքպում առաջակվում էր կենսունակ լեզվում նոր բառ որոնել` գենոցիդի եւ ջարդերի փոխարեն: Բայց չեղավ այդպիսի ելույթ, որը հստակ ոչ ասեր Բունդեսթագի նոր բանաձեւում Ցեղասպանություն բառը ներառելուն:

Այսպիսով` Բունդեսթագի նոր` հայանպաստ բանաձեւի նախագիծը վերջնական քննարկման կդրվի ապրիլի 30-ին` արտաքին հարցերի հանձնաժողովում: Իսկ գերմանական ամենահայտնի լրատվամիւոցները, , իրադարձություններից առաջ ընկնելով, առաջին էջերում արդեն գրում են` բունդեսթագը հայկական կոտորածին Ցեղասպանություն անունն է տալիս:

Քրիստոնյան դեմոկրատական միություն/ Քրիստոնյա սոցիալական միությունից (CDU/CSU) Քրիստոֆ Բերգներն իր ելույթում նախ Հայոց կոտորածի զոհերի հիշատակի ոգեկոչման կոչ արեց, հորդորեց ընդունել գերմանական մեղսակցությունը, պատասխանատվություն կրել դրա համար: «Մենք ներողություն ենք խնդրում եւ առանձնահատուկ լրջությամբ այստեղ քննարկում ենք ռայխստագի ժամանակ հնարավոր եղած, բայց չկատարված քայլերը: Գերմանական քաղաքականության հարյուրամյա լռությանը պետք է վերջ դնել: Չենք կարող չնկատել` թուրքական կառավարությունը չի ուզում մարդասպանության պատմություն ժառանգել իր սերունդներին: Մենք պետք է աջակցենք հայերի եւ թուրքերի հարաբերությունների վերսկսմանը` նաեւ նպաստելով Գերմանիայում բնակվող հայերի եւ թուրքերի սերունդների միջեւ լարվածության նվազմանը: 1915-ի դեպքերը Ցեղասպանություն կոչելու հիմնավորման հիմքում UN կոնվենցիան է,  Լեմկինի սահմանումը, որը հենց հայերի ջարդերն է նկարագրում: Բայց կարծում եմ` կարելի է կենդանի լեզվում գտնել այլ բառեր էլ` գենոցիդի եւ ջարդերի փոխարեն»:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD) Ֆրանկ Շվաբեն հայտարարեց` կյանքեր ետ բերել չենք կարող, բանց կարող ենք ապագայի նոր շանս տալ սերունդներին: Սա անձնական պատասխանատվության հարց չէ, որ թողնենք կոնկրետ թուրքերի ուսերին: Շատերը համարում են, որ ճիշտը մեկն է` Եվրախորհրդարանի օրինակով Ցեղասպանությունը Ցեղասպանություն կոչել: «Ինձ ճանապարհին կանգնեցնում են թուրքեր եւ ասում` թուրքերը չեն հասկանա, եթե դուք նման բան անեք: Ես փորձում եմ այդ թուրքերին էլ հասկանալ: Այս պահին Բունդեսթագից քիչ հեռու երկու ցուցահանդես կա ներկայացված, հայկական` Հայոց ցեղասպանության մասին պատմող, եւ թուրքական` այդ դեպքերին այլ անուն տվող: Ես ուզում եմ, որ հաջորդ ցուցահանդեսը միասնական լինի` հայերի եւ թուրքերի կողմից համատեղ»:

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից  (SPD) Դիթմար Նիթան  որեւէ կասկած չունի` 1915-ին կատարվածը Ցեղասպանություն է: «Պետք է ճիշտ բալանս գտնենք` պատասխանատվությամբ: Թուրքիան պետք է հաշվի նստի այս իրականության հետ: Պետք է հասկանան, որ երբ ասում ենք Ցեղասպանություն, մենք չենք ցանկանում վնասել նրանց: Վստահ եմ` ի վերջո թուրքերն իրենք էլ ցանկանում են հասկանալ` ինչ է պահված իրենց իսկ պատմության մութ էջերում: 1915-ի չստացվեց այն, ինչ իրենք ցանկանում էին անել, չի ստացվի, քանի որ այդ ամենը պահպանվում է մի անկյունում` հիշողության մեջ»:

Քրիստոնյան դեմոկրատական միություն/ Քրիստոնյա սոցիալական միությունից (CDU/CSU) Էրիկա Շտայնբախը վստահորեն հայտարարեց` 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ տեղի ունեցածը պետք է կոչվի այնպես, ինչպես եղել է` գենոցիդ: «Հիտլերն իր ժամանակ է դեռ այն ճանաչել` հետագայում նման քայլ իրագործելով հրեաների հանդեպ: Հասկանալի չէ Թուրքիայի քաղաքականությունը` ետ կանչել իր դիվանագիտական ներկայացուցիչներին մի շարք երկրներից միայն այն բանի համար, որ այնտեղ բառ են արտաբերում: Միանշակ պետք է շատ պարզ ասել` այն, ինչ եղել է,  գենոցիդ է եղել ու վերջ, սա է իրականում հայերի վիշտը կիսելը:  Հենց սա հստակ արեց Հռոմի Ֆրանցիսկ պապը»:

Նույն միությունից Բերնդ Ֆաբրիցիուս` միանգամից թույլ տվեք արտաբերել Ցեղասպանություն բառը:

«Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է հայերի` 100 տարի առաջ սկիզբ առած կոտորածների եւ տեղահանումների զոհերի առջեւ: Այն իր բողոքն է բարձրացնում այն ժամանակվա թուրքական կառավարության գործողությունների դեմ, որոնք Օսմանյան Կայսրության հայերի գրեթե ամբողջական բնաջնջման է հանգեցրել: Նույնը կատարվել է նաեւ քրիստոնյա այլ ազգերի հետ` տեղահանում եւ կոտորածներ: Գերմանիայի Բունդեսթագն ընդունում է գերմանական կայսրության անփառունակ դերը այս ամենում այն առումով, որ, ունենալով հստակ տղեկություններ հայերի ծրագրված տեղահանման եւ ոչնչացման մասին, ոչ մի քայլ չի ձեռնարկել մարդկության դեմ այդ հանցագործությունը կանխելու համար: Այդ ջարդերի զոհերի հիշատակի ոգեկոչումը նաեւ աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի հանդեպ հատուկ հարգանքի հավաստիք է»,-մասնավորապես նշված է Բունդեսթագի բանաձեւի նախագծում:

Back to top button