ԿարևորՄշակույթՑեղասպանություն 100

System of a Down- ի երեւանյան համերգով կեզրափակվի «Արթնացրեք հոգիները» համաշխարհային շրջագայությունը

lusinevasilyan

Այսօր ժամը 20։30- ին Հանրապետության հրապարակում երեւանյան համերգով System of a Down ռոք խումբը կեզրափակի «Արթնացրեք հոգիները» համաշխարհային շրջագայությունը։

«Արթնացրեք հոգիները» խորագրով համերգային շրջագայությունը հանրահայտ System of a Down խմբի  ինքնատիպ մասնակցությունն է Ցեղասպանության 100-րդ  տարելիցի միջոցառումներին: Խումբը որոշել էր այս խորհրդանշական շրջագայությամբ,  միջազգային մամուլի ակտիվ լուսաբանմամբ  աշխարհի բեմեր բարձրացնել Հայոց  ցեղասպանության մասին իրազեկելու խնդիրը:

Շրջագայությունը մեկնարկել է ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով, ներառել է մոտ մեկ տասնյակ համերգներ եվրոպական  քաղաքաներում՝ Լոնդոն, Քյոլն, Լիոն, Ամստերդամ, Մոսկվա և եզրափակվում է այսօրվա ՝ապրիլի 23-ին  Երևանում: Սա  «Գրեմի»-ի մրցանակակիր հանրահայտ ռոք խմբի առաջին համերգն է Երևանում:

1994-ին, երբ ստեղծվում էր System of a Down խումբը, այն  չէր ծրագրել դառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովը: Սակայն այսօր խումբը դիտարկվում է որպես մեր ժամանակների հայկական կարևորագույն ձայն` Հայոց ցեղասպանության հանրայնացման համար:

Խմբի բոլոր անդամները հայ են՝ Սերժ Թանկյան, Ջոն Դոլմայան, Տարոն Մալաքյան և Շավո Օբաջյան: Բոլոր չորսն էլ Ցեղասպանությունը վերապրած ընտանիքների զավակներ են:

«Մեր ընտանիքներն անցել են այդ ամենի միջով, այդ պատճառով մեզ համար կարևոր է ոչ միայն իրազեկություն տարածելը, այլև՝ այս գործին արդարություն բերելը »,-շրջագայության մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել էր Սերժ Թանկյանը:

Խմբի անդամները այլ  հարցազրույցներում էլ  բազմիցս նշել են, որ իրենց գործունեությամբ փորձում են իրազեկել ու կրթել մարդկանց, թույլ չտալ, որ դարասկզբի իրադարձությունները երբևէ մոռացվեն:

Արդեն նշեցինք, որ System of a Down-ը մինչև Երևանը համերգներ է ունեցել  Լոնդոնում, Քյոլնում, Լիոնում, Ամստերդամում և Մոսկվայում: Բոլոր համերգների ժամանակ հնչել են հայերեն երգեր, ցուցադրվել են ցեղասպանությանը վերաբերող հոլովակներ: Լոս Անջելեսյան համերգը բացել էր «Սարդարապատ» երգով:

«Սա երաժշտության սահմաններից էլ այն կողմ անցնող մի բան է»,- ասել էր թմբկահար Ջոն Դոլմայանը: Խումբը հայտարարել է, որ համերգային շրջագայությամբ ընդլայնելու է Ցեղասպանության իրազեկումը:

Նկատենք նաև, որ վերջերս անգամ ուսումնասիրություն էր ներկայացվել  ֆինլանդացի պրոֆեսոր, ուղղափառ հոգևորական Սերաֆիմ Սեպալայի կողմից  «Ցեղասպանության փիլիսոփայությունը System of a Down-ի երգերի տեքստերում» թեմայով:

Վաղ առավոտից ոստիկանները փակել են դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցներն ու կանգնեցրել երթևեկությունը: Իսկ համերգին սպասող երկրպագուները դեռ լուսաբացից հավաքվել էին Վազգեն Սարգսյան փողոցում:

Կարդացեք նաև

Back to top button