ՀասարակությունՑեղասպանություն 100

Սրբադասման կարգ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Արամ Ա-ի մասնակցությամբ

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի։

Արարողությանը մասնակցում են նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ։ Սրբադասումը Հայ-առաքելական եկեղեցին վերականգնում է 400 տարվա ընդմիջումից հետո։

Հայ Եկեղեցու սրբեր են համարվում`

ա) հավատքի համար նահատակվածները,
բ) անձինք, որոնց կենդանության օրոք կամ մահվանից հետո տեղի են ունեցել հրաշագործություններ,
գ) հավատքի տարածման, եկեղեցու ուղղափառ դավանանքի պաշտպանության և Աստծու խոսքի բացառիկ քարոզիչները,
դ) սրբակենցաղ անձինք:
Հայ Եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք: Պատմության ընթացքում, սակայն, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել:

Back to top button