

14:15-ին ավարտվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային հասարակական քաղաքական երկօրյա համաժողովը: Փակման խոսքի իրավունքը տրվել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, ով իր խոսքում նշել է՝ աշխատանքների ընթացքում հնչել են թարմ գաղափարներ, կառուցողական առաջարկներ հնչեցին, որոնք ամփոփված են ֆորումի հռչակագրի նախագծում: Փակման խոսքում Հայաստանի արտգործնախարարը առանձացրել է վերջին մեկ ամսում ընդունված միջազգային փաստաթղթերը:
«Կցանկանայի երախտագիտությամբ հիշատակել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կանխարգելման բանաձեւը, Եվրախորհրդարանի բանաձեւը, ԵԽԽՎ րոպեներ առաջ արված հայտարարությունը եւ, իհարկե, Հռոմի Պապի հայտարարությունը: Այս կարեւոր քայլերը վստահեցնում են, որ 21-րդ դարում միջազգային հանրությունն առավել միասնական դիրքորոշում կձեւավորի եւ ի վերջո կկարողանա զարգացնել ցեղասպանությունների կանխարգելման իրապես արդյունավետ մեխանիզմներ՝ հիմնված այն գիտակցության վրա, որ անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումը, դատապարտումը եւ ժխտողականության բացառումը համաշխարհային քաղաքականության ու ներդաշնակ քաղաքակրթության ներդաշնակ զարգացման երաշխիքներից է»:
Էդվարդ Նալբանդյանը եւս մեկ անգամ վերհիշեց ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արտասանված իմաստուն խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է ժխտողականության նոր քաղաքականությանը, որը որդեգրել է Թուրքիան: Ժխտողականության փաստարկները մնացել են նույնը, սակայն հղկվել է մարտավարությունը, ասել է նախարարը;
«Այսօր ժխտողականության գործիքներից են զոհերի զրկանքների նվազեցման, կորուստների մասշտաբների կրճատման եւ զոհերի ու հանցագործների տառապանքների հավասարեցման փորձերը: Վերջերս մենք հաճախ ենք ականատես լինում ժխտման այս նոր մարտավարությանը: Ժխտողականությունն է, որ գործող իշխանություններին դարձնում է անցյալում տեղի ունեցած ոճիրների հանցակիցը: Ժխտողականությունը հաշտեցման դուռ չի բացում»:
Միջազգային համաժողովի մասնակիցներին նախարարը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավուքնենրի խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւի հիմնական դրույթներից մեկը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտման դատապարտումն է: Նախարարը կարեւորեց, որ հայերի հետ տեղի ունեցածը միջազգային հանրությունն ընկալել է ոչ թե որպես սոսկ մեկ ազգի հանդեպ ոճրագործություն, այլ ողջ մարդկության դեմ իրագործված հանցագործություն:
«Երբ խոսում ենք ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման մասին պետք է հստակ գիտակցենք, որ առանց անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման, ցանկացած այլ միջոցառում կմնա որպես կիսաքայլ: Այս առումով կարելի է վստահությամբ ասել, որ այսօր մարդկության առջեւ ծառացած մարտահրավերներից մեկը նաեւ ցեղասպանությունների ժխտողականության հաղթահարումն է»:




