Հասարակություն

Ոգեկոչման արարողություններ՝ հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրում

satikisahakyan

Հայաստանում ապրող եզդիներն  աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկի առաջնորդությամբ,  այսօր Ակնալճի հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրում, ցեղասպանության զոհերի «Ոգեկոչում» հուշակոթողի մոտ, հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևորականների հետ հոգեհանգստի կարգ են կատարել՝ ի հիշատակ ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի: Հուշահամալիրում Ջհանգիր աղայի արձանի մոտ պատվո պահակախմբի ուղեկցությամբ կատարվել է նաև Ջհանգիր աղայի մասունքերի վերահուղարկավորություն, որոնք բերվել են աքսորավայրից: Սրբավայրի տարածքում  եզդի հոգևորականները կատարել են  նաև  Մալաքե Տաուսի տաճարի հիմնակերքի  կարգ: Արարողություններին մասնակցել են ՊՆ Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամնայանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, պատգամավորներ:

 

Ակնալճի եզդիական սրբավայրն այսօր ընդունել է աշխարհի եզդիների  հոգևոր առաջնորդի նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկին՝ եզդի հոգևորականների ուղեկցությամբ: Այնտեղ էին նաև  արտերկրի այլ բնակավայրերում ապրող եզդիները, որոնք եկել էին  մասնակցելու կարևոր իրադարձության: Նրանք  հայ հոգևորականների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին 20-րդ դարասկզբին թուրքերի կողմից իրականացված հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայ-եզդիական հուշահամալիրում եզդիները կանգնեցրել են եղեռնի նահատակների «Ոգեկոչում» հուշակթողը: Բարձրացված աղոթքում Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը ոգեկոչեց հայերի և վերջերս Իրաքում իրականացված եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը:  Նա նշեց, որ այսօր վերջին հոգեհանգստի կարգն է կատարվում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, քանի որ վաղը Մայր Աթոռում  սրբադասվելու են բյուրավոր նահատակներ, իսկ սրբերի համար հոգեհանգստի պաշտոն չի կատարվում: Հայոց ցեղասպանությունը չդատապարտելը ծնեց նորը՝ 21-րդ դարի սկզբին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ոգեկոչման ու հիշատակի խոսք ասաց եզդիների հոգևոր առաջնորդ  նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկը:

Ջհանգիր աղայի և Անդրանիկ զորավարի բարեկամության շնորհիվ հայ- եզդիական հեծելազորը Սարդարապատում միասնական կռիվ  է տվել հանուն հայոց պետականության կերտման:

Ակնալճի հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրում այսօր  պատվո պահակախմբի  ուղեկցությամբ  վերահուղարկավորվեց  Ջհանգիր աղայի մասունքները: Այն  Ջհանգիր աղայի արձանի մոտ հողին հանձնեց նրա թոռը ՝ Վազիր Արիֆի Խատոյանը:

Հայ և եզդի ժաողովուրդն իրենց պատմությունը կերտել են միասին, դժվար պահերին միասնական են եղել,   արցախյան գոյապայքարում մեր կողքին են եղել նաև եզդիները: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտիքի խոսքն ուղղեց եզդիներին՝ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողության համար, ովքեր ընդունում ու դատապարտում են հայերի ցեղասպանությունը:

Եզդի բարերար Միրզա Սլոյանը պաշտպանության նախարարին հանձնեց իր հիմնադրած «Ջհանգիր աղա» մեդալը: Հայաստանի երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ազատագրական պայքարում եզդիների ունեցած ավանդի համար, Ջհանգիր աղային հետմահու պարգևատրեց «ԵԿՄ Հայաստան 5-րդ բիրգադ» հուշամեդալով:

Եզդիների սրբավայրում այսօր կատարվեց նաև Մալաքե Տաուսի տաճարի հիմնակերք՝ եզդի հոգևորականների կողմից:  Բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սերգո Երիցյանը նշեց, որ Մալաքե տաուսը նոր տարին է, որը նոր երազանքների, նոր հույսերի ու նորանոր ճանապարհների սկիզբն է:

Կարդացեք նաև

Back to top button