ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Սերժ Սարգսյան.«Այլևս երբեք» ասելու վճռականությամբ միավորվենք՝ հանուն համամարդկային նպատակի»

lusinevasilyan

Հիշողություն, երախտագիտություն, կանխարգելում և վերածնունդ. ահա այն ուղերձները, որոնք  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է  հղել միջազգային հանրությանը և գալիք սերունդներին, այսօր  «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»  երևանյան երկօրյա  միջազգային գիտաժողովի բացմանն ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ֆորումը մեկնարկել է վաղ առավոտյան, աշխարհի մոտ  5 տասնյակ երկրներից ավելի քան 600 ներկայացուցչի մասնակցությամբ: Գիտաժողովի երկու օերերի ընթացքում քննարկվելու են ցեղասպանությունների կանխարգելմանը, հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր: Համաժողովը պետք է  հզոր, գործնական ուղերձ հղի աշխարհին՝  համատեղելու  ջանքերը և վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանություն կոչվող  չարիքն ու այն ծնող հանգամանքները, բացման խոսքում ասել  է Սերժ Սարգսյանը եւ նկատել. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մենք բաց ճակատով ենք և վստահաբար հայտարարում ենք, որ այն, ինչին ցանկանում էին հասնել Հայոց ցեղասպանության կազմակերպիչները, չի հաջողվել: Ավելին, հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է, որն այսօր այլևս անշրջելի է»:

«Այլևս երբեք» ասելու վճռականությամբ մեր համեստ ներդրումն ունենանք հանուն բոլորիս միավորող համամարդկային նպատակի՝ ցեղասպանության կանխարգելման՝ նշել է հանրապետության նախագահն ու արդյունավետ աշխատանք մաղթել գիտաժողովի մասնակիցներին:

«Այսօրվա համաժողովը քննարկումներին զուգահեռ պետք է հզոր գործնական ուղերձ հղի միջազգային հանրությանն առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար, որ դրանց հետևանքների հաղթահարումն ու կանխարգելումը պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն: Անցյալի դասերը մեզ պարզապես պարտավորեցնում են դա անել: Քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը՝ վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները»,- ասել է հանրապետության նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

Կարդացեք նաև

Back to top button