

Համայն հայության մայրաքաղաք Երևանը աշխարհասփյուռ հայերին ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը Ծիծեռնակաբերդ այցելող հյուրերին հավուր պատշաճի կդիմավորի: Երևանի քաղաքապետարանը կազմակերպվող միջոցառումների վերջին շտկումներն է կատարում: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր նախատեսված միջոցառումների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել: Հյուրերի համար Երևանի քաղաքապետարանը Հայոց ցեղասպանության պատմությունը ներկայացնող երկլեզու գիրք է հրատարակել:
Մայրաքաղաք Երևանի բոլոր դպրոցների աշակերտների պատրաստած 400 հազար անմոռուկներին ապրիլի 24-ին կմիանան նաև հանրապետության մյուս դպրոցների երեխաների պատրաստած անմոռուկներն ու կբաժանվեն Ծիծեռնակաբերդի բարձունք այցելող հյուրերին: Իսկ Երևանում բազմաթիվ հյուրերին կմիանան նաև Ամմանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի տեղեկացմամբ՝ բարեկարգվել է Ծիծեռնակաբերդի ճեմուղին, տեղադրվել են աղբամաններ ու նստարաններ: Տարածքում արգելվելու է բացօթյա առևտուրը. բացառություն կկազմեն միայն ծաղկավաճառները, այն էլ՝ նախատեսված վայրերում՝ Հալաբյան փողոցի հատվածում՝ Հալաբյան Կիևյան ստորգետնյա անցումում և Բարեկամությունից մինչև Օրբելի փողոցների հատվածում:
Ծիծեռնակաբերդի բարձունք այցելողներն այս տարի ջուր գնելու կարիք չեն ունենա, կառուցվել են 21 ցայտաղբյուրներ: Ապրիլի 24-ի առավոտյան արարողակարգային միջոցառումներից հետո ժամը 13-ից արդեն Կիևյան փողոցի անկյունից Ծիծեռնակաբերդի ճեմուղին բաց կլինի քաղաքացիների համար:
Երթին զուգահեռ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի դրանք զուգորդվելու են կենդանի կատարումներով: Ապրիլի 24-ին, երբ 20։ 15-ին Հանրապետության հրապարակում մեկնարկի «Վերածնունդ» խորագրով մշակույթային միջոցառումը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարևանությամբ տեղադրված տեսաէկրանի միջոցով կապահովվի ուղիղ հեռարձակումը:
Ապրիլի 24 –ին ժամը 13։00- ին Բրազիլիայի հրապարակից (որն ավելի հայտնի է Ստադիոն մարզադաշտի հարակից տարածք) Ծիծեռնակաբերդի բարձունք այցելած քաղաքացիներին ավտոբուսներն անվճար կտեղափոխեն մինչև Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» ու «Բարեկամություն» կայարաններ: Մետրոպոլիտենն էլ ապրիլի 23 ու 24-ին կաշխատի մինչև գիշերը 01.00:
Ապրիլի 24-ին ժամը 22.30-ին մեկնարկելու է ջահերով երթը: Արամ Սուքիասյանն անդրադարձավ նաև ապրիլի 24-ին մայրաքաղաքի որոշ երթուղիների փոփոխությանը: «Այն երթուղիները, որոնք կենտրոնով են անցնում, դրանք, բնականաբար, բնականոն հունով կաշխատեն: Կլինեն նաև երթուղիներ, որոնք որոշակի շրջապտույտ կունենան, որպեսզի կարողանան իրենց երթուղին ապահովել: Հանրապետության հրապակարով անցնող բոլոր տրանսպորտային միջոցները , այդ թվում հասարակական տրանսպորտը, կփոխեն երթուղիները։ Հիմնականում կծանրաբեռնվի Խանջյան փողոցը:




