ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության թանգարանը նորովի է բացել իր դռները

karenghazaryan
Այսօր նորովի է իր դռները բացել Հայոց ցեղասպանության թանգարանը: Նոր ցուցադրության պաշտոնական եւ հանդիսավոր արարողությանը մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախկին երեք սրահների փոխարեն թանգարանի ցուցադրությունը կազմակերպվել է 12 սրահներում՝ բոլորովին նոր տեխնիկական լուծումներով: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը տեղեկացրել է, որ մինչեւ ապրիլի 25-ը թանգարանն իր դռները կբացի միայն արտասահմանից ժամանած պատվիրակությունների առջեւ՝ ելնելով տեխնիկական եւ անվտանգության նկատառումներից: Ապրիլի 25-ից Հայոց ցեղասպանության թանգարանը կհյուրընկալի բոլոր այցելուներին:

 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը եւ հարակից տարածքը հիմնանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Աշխատանքներն իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի փոխանցմամբ՝ ծախսվել է 4.5 մլն դոլար: Ամբողջը ֆինանսավորվել է բարերարների կողմից: Դիզայներներն ու թանգարան-ինստիտուտի աշխատողները լրացուցիչ գումարներ չեն ցանկացել ստանալ՝ իրենց կատարած լրացուցիչ աշխատանքների դիմաց՝ ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը:

«Շնորհակալություն պետք է հայտնենք մեր բարերարներին, հատկապես՝ Գաբրիել Ճեմբերջյանին, Ռալֆ Յիրիկյանին, թանգարանի հավաքածուն մշտապես հարստացնելու համար աջակցություն ցույց տված մոսկվայաբնակ մեր հայրենակից Ջեվան Չելոյանցին: Մենք աշխատել ենք մեր սովորական աշխատավարձերով: Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվել: Միայն հովանավորների եւ բարերարների աջակցությամբ է տեղի ունեցել»:

Թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է 2.5 անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր: Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նորահայտ նյութեր: Նոր նյութեր շարունակում են ի հայտ գալ նաեւ այսօր: Ամերիկացի լրագրող  Քեթրին -ը հնավաճառներից ձավարով լցված փոքրիկ մի սրվակ էր գնել՝ վրան հանդիպելով «հայ» բառը: Հետո պարզել էր, որ դա ցեղասպանությունից մազապուրծ հայ որբերի մեկ օրվա կերակուրն է եղել որբանոցներում՝ սովից չմեռնելու համար: Այդ մասին նաեւ հոդված է հրապարակել, իսկ այսօր սրվակը նվիրեց ցեղասպանության թանգարանին:

Թանգարանն այսօր եւս մեկ ցուցանմուշ ստացավ: Սիրիայում հայ որբերին ընդունած որբանոցի նորվեգացի միսսիոներուհի Կատարինա Բյորնի թոռը նվիրեց տատի կնիքը եւ վերջինիս կողմից պահված տետր՝ Մուշի կոտորածների մասին ականատեսի վկայություններ:

Հայոց ցեղասպանության թեմայով հավաքագրված փաստական նյութերն ու տարբեր դրվագներ ներկայացնող փաստերն ու իրեղեն ապացույցներն այնքան շատ են, որ կբավականացնեն 5 համանման թանգարան կազմավորելու համար: Այս մասին նշեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում առաջին անգամ կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ, նախագծային մոտեցումներ ու լուծումներ: Բոլոր նյութերի բացատրությունները ներկայացված են երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն:

«Այսօր հավաքածուն 90 հազարից անցնում է: Հիմնական շեշտադրումը ուղղորդված է օտար լսարանին, որ նրանք առնչվեն բացառիկ, նորահայտ նյութերին, որից հետո տեղ չի մնա, որ որեւէ մեկը կասկածի տակ դնի Հայոց ցեղասպանության ծրագրված եւ նպատակադրված բնույթը»:

Թանգարանը նաեւ Թուրքիայի նոր սերնդի ներկայացուցիչների համար է, այստեղ նրանց ատողներ չկան, այստեղ որեւէ մեկը ատելություն չի սերմանում, նրանք կարող են այստեղ առերեսվել սեփական պատմությանը՝ տեղեկանալով այն ամենին, ինչը թաքցնում են հարեւան երկրի իշխանությունները՝ եզրափակեց Հայկ Դեմոյանը:

Back to top button