

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորությամբ լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Հովսեփյանի՝ «Արևմտահայ մամուլի պատմություն» դասախոսությունների ձեռնարկը, որը 1832-ից 1915 թվականների արևմտահայ մամուլն ուսումնասիրողների համար լավագուն տեղեկատու է:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրի ներքո լույս տեսած «Արևմտահայ մամուլի պատմություն» ձեռնարկով կարելի է պատկերացում կազմել արևմտահայության պատմության դաժան ու վճռորոշ իրադարձությունների առնչությամբ օրհասական տարիներին հրատարակված պոլսահայ, զմյուռնահայ և գավառահայ մամուլի դիրքորոշման ու կեցվածքի մասին: «Լրո գիր», «Հայաստան», «Արևելք», «Մասիս», « Մեղու», «Թատրոն», « Ազատամարտ», «Դաշինք», «Աշխատանք», «Բյութանիա», և էլի մի շարք թերթեր ու շաբաթաթերթեր անդրադառնում էին այդ տարիների քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքին, մատնանշում ու մեջբերում պատմական արժեքավոր փաստաթղթեր՝ որոշումներ ու կարգադրություններ, ազգային ներքին կյանքի անցուդարձերի մասին տեղեկություններ ու վերլուծություններ:
«Հատկապես կուզեի առանձնացնել «Շանթ» շաբաթաթերը, որը դաշնակցական ուղղվածություն ուներ և այս պարբերականում հրատարկվել են արևմտահայ և եվրոպացի հայտնի գրողներ: Արդեն 1918-24 թվականներին, երբ կրկին հնարավորություն է ընձեռվում հրատարկել պարբերականներ . Շանթը վերահրատարկվում է»:
Վերահրատարակվում է «Շանթ» հանդեսը, սակայն արդեն այլ ուղղվածությամբ: Թերթում արդեն ներկայացվում են Ցեղասպանությունից փրկված մտավորականների մտահոգություններն ու գաղթի անցած դաժան ճանապարհը: Մեր օրերի համար հատկապես արժանահիշատակ են Գրիգոր Զոհրապի հրապարակախոսական ակնարկները, արևմտահայ գավառի ժողովրդի հոգեվիճակն ու հիմնախնդիրները, երազներն ու քաղաքական վերլուծությունները: Այս առումով ձեռնարկը հարուստ օժանդակ գրականության և մամուլի ցանկ ունի, ինչը կօգնի առավել մանրամասն ու խորությամբ ուսումնասիրել օսմանյան գրաքննությունը և 1895-ից 1923 թվականների հայոց սպանդի մանրամասները:
Արևմտահայ մամուլի էջերում կարելի է հանդիպել նաև հայերի ունեցվածքի մասին տեղեկությունների: Ցեղասպանությունը վերապրած հայ իրավաբան Հակով Պյուչուքյանը «ճակատամարտ» թերթում հայերից բռնազավթած ուեցվածքի նյութի հիման վրա փորձել է դատական գործընթաց սկսել և այն վերադարձնել սեփական տերերին:
Արևմտյան մամուլում անդրադարձեր են եղել նաև ոչ միայն ֆինանսական կորուստների, այլև հոգևոր ու մշակութային: Սակայն այս ամենին զուգահեռ, ընթերցողին է ներկայացվել Թալեաթ փաշայի յաթաղանոտ հեռագրերը, Բեհաեդիր Շաքիրի ու փաշայի՝ հայերի կոտորածները կազմակերպելու վերաբերյալ առանձնազրույցները:




