ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Գերմանիան պատրաստվում է ապրիլի 24- ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի խոսնակը «Ռոյթեր» գործակալությանն այսօր հայտնել է, որ կառավարությունը կպաշտպանի ուրբաթ օրը Բունդեսթագում քննարկվելիք բանաձեւը։ Դրանում, մասնավորապես՝ գերմանացի խորհրդարանականները «100 տարի առաջ հայերի կոտորածը որպես ցեղասպանության օրինակ» են գնահատում։

Ավելի վաղ՝ Գերմանիայի  արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ աջակցում է բոլոր նրանց, ովքեր  կոչ են  անում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել։ «1915- ին կատարվածը՝ բռնությունը, դաժանությունը, սարսափներն ու ջարդերը բառացիորեն կարելի է ամփոփել մեկ բառի մեջ՝ «ցեղասպանություն», հայտարարել էր Գերմանիայի արտգործնախարարը Süddeutsche Zeitung պարբերականի հետ զրույցում:

Շտայնմայերը միաժամանակ ընդգծել էր, որ Հայոց ցեղապսանության վերաբերյալ բարդացող քաղաքական բանավեճերը կարող են բարդացնել կամ նույնիսկ անհնարին դարձնել լուրջ ու ուղիղ երկխոսությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև:

Իր հերթին Բունդեսթագում քրիստոնեա- դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Ֆրանց Յուզեֆ Յունգը հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել` անկախ Անկարայի բողոքներից: «Մենք կգտնենք ձևակերպում, որը համապատասխան կերպով կբնորոշի ցեղասպանության փաստը, որ եղել է Թուրքիայում 100 տարի առաջ»,- հայտարարել է նա Saarbrücker Zeitung- ին։

«Ցեղասպանություն» բառը պետք է ներառված լինի բանաձևի տեքստում, որն առաջիկա օրերին ընդունելու է Բունդեսթագը, ասել է Յունգը: Միաժամանակ՝ նա վստահություն է հայտնել, որ այդ բառն իր ելույթի խոսքում կարտասանի նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը:

Մինչ օրս Գերմանիայի կառավարությունը խուսափում էր «ցեղասպանություն» եզրույթից 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս: Ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկում կլինի հայերի դեմ գործած ոճրագործությունը ցեղասպանություն ճանաչելու շուրջ, հայտնում է panarmenian.net- ը։

Back to top button