
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին արցախցիներն այս տարի խոնարհվելու են Ստեփանակերտի հուշահամալիրում կառուցված նոր հուշարձանի մոտ: Հուշահամալիրի տուֆակերտ համայնապատկերի վրա առնձնանում է Սպիտակ զանգակատունը, որի հիմքում Դեր Զորից բերված մասունքներ են տեղադրվել:
1988 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ի Ստեփանակերտի հուշահամալիրում էին հավաքվում Արցախի ղեկավարներն ու Ստեփանակերտցիները: Մեծ եղեռնի զոհերի հիշատակին ծաղիկները արցախցիները խոնարհում էին 88- ի փետրվարյան զոհերի հիշատակին հապճեպ տեղադրված փոքրիկ խաչի, ապա և վերակառուցված հուշարձանի մոտ:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները նահատակներին նվիրված նոր հուշարձանի՝ճերմակ Զանգակատան մոտ են տեղի ունենալու: Հայկական ավանդական ճարտարապետական լուծումներով կառուցված երկաստիճան գմբեթով զանգակատունը 18 մ բարձրություն ունի և պսակված է 9մետր բարձրությամբ խաչով: Այն կառուցվել է ԼՂՀ պետբյուջեի, բարերարների և անհատական կոլեկտիվների հանգանակություններով:
Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը զանգակատան հիմքում Ցեղասպանության նահատակների մասունքների զետեղման կարգ է կատարել։ Մասունքները բերվել են Դեր Զորից: Ստեփանակերտի հուշահամալիրում ցեղասպանության զոհերի համար հոգեհանգստյան վերջին պաշտոնն է մատուցվել:
Ապրիլի 23-ից հետո 1,5 մլն նահատակների հոգիները պիտի սրբադասվեն սուրբ նահատակների հոգիների կարգին և դրանից հետո սուրբ պատարագին հաջորդելու է Սրբոց նահատակաց ոգեկոչման արարողությունը:




