
«Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5- 3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ այսօր մասնակցելով Ծաղկաձորում անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովի աշխատանքներին:
Անդրադառնալով տնտեսության զարգացման հեռանկարներին, Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ թրագրերը որոնք կյանքի են կոչվում այս տարվա երկրորդ կիսամյակից արդեն կտան իրենց արդյունքները։ «Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ մենք ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները և այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, սակայն ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարըի խոսքով՝ ոչ ոք չէր կարող ծրագրել, որ 2015 թվականին կարձանագրվի ռուսական ռուբլու արժեզրկում, ինչը նաև իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Չնայած դրան՝ Հովիկ Աբրահամյանն փաստել է, որ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 1,8 տոկոսի տնտեսական աճ՝ նշելով, որ առաջին եռամսյակում դրական տեղաշարժն ակնհայտ կլինի:




