ՀասարակությունՑեղասպանություն 100

Ապրիլի 23-24- ին փակ կլինեն երեւանյան որոշ փողոցներ, կսահմանափակվի երթեւեկությունը

karenghazaryan

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն անվտանգության առումներով որոշակի միջոցառումներ է իրականցնելու, այդ թվում՝ սահմանափակելու է երթեւեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներով:

Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ անվտանգության միջոցառումները մեկնարկել են ապրիլի 1- ից։ Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության, ասաց փոխոստիկանապետը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիմնական միջոցառումները կսկսվեն ապրիլի 22-ից: Հենց այդ օրվանից առավել կուժեղացվեն ոստիկանական ծառայությունները:

Ապրիլի 23-ին ժամը 20.00-ից փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները: Քաղաքացիների համար մուտքը կլինի միայն Շահումյան հրապարակի կողմից, իսկ ելքերը՝ Ամիրյան փողոցի եւ Տիգրան Մեծ պողոտայի կողմից: Աբովյան եւ Նալբանդյան փողոցների կողմից մուտք ու ելք չի թույլատրվելու:

Սամվել Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սահմանափակվելու է  նաեւ մուտքը Հանրապետության հրապարակ՝ որոշակի թվաքանակից հետո: Հանրապետության հրապարակը, ոստիկանության հաշվարկների համաձայն, մոտ 50 հազար մարդու թողտվության հնարավորություն ունի:

Ապրիլի 24-ի մասին. առավոտյան, արարողակարգային միջոցառումների իրականացման նպատակով, Մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհները կլինեն փակ: Եղեռնի հուշահամալիր քաղաքացիների համար մուտքը կսկսվի ժամը 13.00- ից միայն: Նույն օրը փակ կլինեն նաեւ Բաղրամյան պողոտան, կիսով չափ՝ Հանրապետության հրապարակը: Այստեղ ժամանակավորապես բաց կլինեն միայն Տիգրան Մեծ պողոտան եւ Ամիրյան փողոցը: Աբովյան եւ Նալբանդյան փողոցներից մուտք չլինի:

Ավտոտրանսպորտային միջոցների համար շրջանցում կկազմակերպվի Պետական պատկերասրահի ետեւի մասից: Ապրիլի 24-ին ժամը 20.15 րոպեից Հանրապետության հրապարակում կսկսվի «Վերածնունդ» ակցիան, այնուհետեւ կհաջորդի «Ջահերով երթը» դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Սամվել Հովհաննիսյանն ասաց, որ տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածության մակարդակով պայմանավորված, ոստիկանությունը ապրիլի 24-ի երեկոյան մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներ կարող է բացել:

Կարդացեք նաև

Back to top button