

Միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ոչ այնքան իրավական, որքան բարոյաքաղաքական նշանակություն ունի: Ըստ նրա՝ փաստաթուղթն իր ազդեցությունը դեռ կունենա և արդեն ունի միջազգային գործընթացների վրա: Մասնագետը հիշեցրել է, որ սա Եվրոպական խորհրդարանի երրորդ անդրադարձն է Հայոց ցեղասպանության դատապարտման թեմային: Եվրախորհրդարանի այս կոչը, սակայն, ըստ Վարդանյանի, հնչում է այլ համտեքստում և այլ ուղերձներով:
«Իրավական փաստաթուղթ լինելով հանդերձ՝ բանաձևը գուցե իրավական ազդեցություն չունենա, բայց բարոյաքաղաքական լուրջ ֆոն է ստեղծելու Հայոց ցեղասպանության ճանաչման, հերքումը դատապարտելու գործընթացի համար ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում»:
Առաջին անգամ է, որ այս գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես սուբյեկտ՝ այս դիտարկումն էլ Ցեղասպանությանը վերաբերող բանաձևի ընդունման առիթով արել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նրա կարծիքով ՝ փաստաթղթում կարևոր շեշտադրումներ կան: Արզումանյանը Եվրախորհրդարանի բանաձևում ընդունման մեջ կարևոր է համարել նաև Հռոմի պապի հայտարարության ազդեցությունը: Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա այն, ըստ նախկին արտգործնախարարի մեղմ ասած ադեկվատ չէ:
«Թուրքիան ոչ ադեկվատ, անհասկանալի դիրքորոշում է որդեգրել, և սա արդեն ձանձրացնում է միջազգային հանրությանը: Թուրքիան չի համակերպվում մտքի հետ, որ այլևս տարածաշրջանում կարևոր դերակատարներից չէ: Հռոմի պապին մեղադրել կեղծարարության, ստի մեջ և սպառնալ՝ դրանք անհեթեթության հերթական դրսևորումներ են: Հուսանք, որ այս ոչ ադեկվատ գործողությունները կշարունակվեն և էլ ավելի հակադարձ ռեակցիա կառաջացնենք քաղաքակիրթ աշխարհում»:




