Հասարակություն

«Գազպրոմը» կկառուցի ուսումնամարզական համալիր

karenghazaryan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն եւ Ավան վարչական շրջաններում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի կատարման ընթացքին: Ավան վարչական շրջանում նախագահը մասնակցել է նաեւ Ծարավ աղբյուրի փողոցում «Գազպրոմ» ընկերության կողմից կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ նախ եղավ Զեյթուն համայնքում: Այստեղ երկրի ղեկավարին ծանոթացրին «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին եւ ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրով կառուցվող «Զեյթուն 1» շենքային համալիրի տիպային բնակարաններին: Պարույր Սեւակի 8 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի ներքին աշխատանքները ավարտական փուլում են:

Հարակից տարածքում էլ շուտով կկառուցվի «Զեյթուն 2» համալիրը: Երկրի ղեկավարը ծանոթացավ նաեւ այս համալիրի նախագծերին եւ մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին: Այն կառուցվում է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով:

Ավան վարչական շրջանում էլ երկրի ղեկավարը ծանոթացավ նույն բնակապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում  Ծարավ աղբյուրի փողոցում կառուցվող «Ավան 4» եւ «Ավան 5» բնակարանաշինական ծրագրերի ընթացքին: Բարի ավանդույթ է դառնում, որ յուրաքանչյուր տարի մոտ 300 բնակարան հանձնվում է շահագործման՝ մեզ հետ զրույցում նշեց «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության պատասխանատու Արսեն Քարամյանը:

Մոտ 620 չբավարարված դիմում կա, տեղեկացրեց Արսեն Քարամյանը: 134 շահառու շուտով բնակարան կստանա «Զեյթուն 2»-ից, իսկ 100 շահառու՝ «Ավան 5»- ից: Կառուցվող համալիրների ծրագրային ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 38 մլրդ դրամ:

Ավան համայնքի հիշյալ համալիրներին հարակից տարածքում նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը: Այն մեկնարկեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի օրհնության կարգի մատուցմամբ: Ուսումնամարզական համալիրը կառուցվելու է «Գազպրոմ»-ը երեխաներին» ծրագրով:

«Գազպրոմ»-ը նաեւ սոցիալական պատասխանատու ընկերություն է՝ նշեց վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: «Համալիրն անշուշտ կկառուցվի գերժամանակակից տեխնոլոգիաներով: Այն կունենա մանկապարտեզ, դպրոց, լողավազան, կլինի բազմաֆունկցիոնալ սպորտային դահլիճ: Մենք ցանկանում ենք, որ աճող սերունդը լինի ամուր, առողջ եւ ներդաշնակ զարգացող: Այս համալիրը «Գազպրոմ»-ի, «Գազպրոմ Հայաստան»-ի ներդրումն է Հայաստանի երիտասարդության՝ ապագայի համար»։

«Գազպրոմը»  Հայաստանի խոշոր ներդրողներից է: Վերջին 15 տարում ընկերությունը մեր երկրի տնտեսության մեջ ներդրել է 900 մլն դոլար,  նշեց «Գազպրոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ շեշտելով նաեւ այս նոր ծրագրի բացառապես սոցիալական բնույթը, ինչը ներդրում է պետության բարգավաճման համար:

Նախագծի նախնական արժեքը ավելի քան 49 մլն դոլար է: Համալիրի օբյեկտների շահագործման եւ սպասարկման համար նախատեսվում է ստեղծել 230 աշխատատեղ: Ուսումնամարզական համալիրն օրական կկարողանա ընդունել 2000 մարդ:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո տարածքում կարճ ժամանակահատվածում կկռուցվի 5500 ք/մ պուրակ, վստահեցրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

Back to top button